Եվրոպան Իսրայելի նկատմամբ «խենթ» քաղաքականություն է վարում. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դատապարտել է իր երկրի նկատմամբ Եվրամիության «խենթ» քաղաքականությունը. գրում է BBC-ն:

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած փակ նիստի ընթացքում նրա արած մեկնաբանությունները պատահաբար հեռարձակվել են լրագրողների կողմից:

Հունգարիայի, Չեխիայի, Լեհաստանի և Սլովակիայի վարչապետերի հետ հանդիպման ընթացքում Նեթանյահուն ասել է. « Եվրամիությունը միակ հիմնական ուժն է, որ կարող է քաղաքական պայմաններ թելադրել Իսրայելի հետ հարաբերություններում»:

Ինչպես նշում է BBC-ն, վարչապետը նկատի է ունեցել իսրայելապաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ԵՄ-ի կողմից պայմանների պարտադրումը՝ 2000 թ. կնքված և հետագայում թարմացված «Իսրայելի հետ ասոցացման համաձայնագրի» շրջանակներում:

«Դա խեթություն է, դա իրոք խենթություն է: Ես չեմ խոսում իմ շահերի մասին, ես խոսում Եվրոպայի շահերի մասին»,- ասել է Նեթանյահուն:

«Մենք հատուկ հարաբերություններ ունենք Չինաստանի հետ, և նրանց դա չի հետաքրքրում: Նրանց չեն հետաքրքրում քաղաքական հարցերը: Սա անտրամաբանական է: Եվրամիությունը սասանում է իր անվտանգությունը՝ խաթարելով Իսրայելին: Եվրոպան խաթարում է իր առաջընթացը՝ խաթարելով իսրայելական նորարարության հետ կապը և փորձելով պայմաններ թելադրել»,- հավելել է նա:

Իսրայելի վարչապետը նշել է, որ Եվրոպան պետք է որոշի՝ արդյո՞ք «ուզում է ապրել և զարգանալ, թե չորանալ և անհետանալ»:

«Քաղաքականապես դա ճիշտ չի հնչում: Գիտեմ՝ ձեզնից շատերի համար սա զարմանալի է, բայց ինչ ճիշտ է՝ ճիշտ է: Դա վերաբերում թե՛ Եվրոպայի անվտանգությունը և թե՛ տնտեսական ապագային: Երկու հարցերն էլ այլ քաղաքականություն են պահանջում Իսրայելի նկատմամբ»,- ասել է նա:

Նեթանյահուն քննադատել է նաև ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի քաղաքականությունը՝ ասելով, որ Թրամփի՝ պաշտոնն ստանձնելուց ի վեր վիճակը բարելավվել է:

«Առաջ մենք շատ մեծ խնդիր ունեինք, հիմա ավելի լավ է: Իրանի հանդեպ դիրքորոշումը խստացել է»,- ընդգծել է նա՝ ընդունելով, որ Իսրայելը տասնյակ հարձակումներ է իրականացրել շիական «Հեզբոլլահ» խմբավորման դեմ Սիրիայում:

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը լրագրողներին հայտնել է, որ համաձայն է իսրայելցի գործընկերոջ հետ. «Մենք կիսում ենք արտաքին սահմանները պահելու վերաբերյալ Իսրայելի անհանգստությունը: Եթե Եվրոպան չհամագործակցի Իսրայելի հետ, այն կպատժի ինքն իրեն»:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.