ԱՄՆ Կոնգրեսը Facebook-ից տեղեկություններ է խնդրել ամերիկյան նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության հարցով
ԱՄՆ-ի դեմոկրատ կոնգրեսականները դիմել են Facebook ընկերությանը՝ պահանջելով տեղեկություն տրամադրել այն մասին՝ արդյո՞ք Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը համագործակցել է ՌԴ-ի ներկայացուցիչների հետ՝ սոցիալական կայքերում կեղծ լուրեր հրապարակելու նպատակով, որն էլ կարող էր հանգեցնել ընտրություններում հանրապետական թեկնածուի հաղթանակին. այս մասին տեղեկացրել է CNN-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Սենատի հետաքննության հատուկ հանձնաժողովի գլխավոր ներկայացուցիչ դեմոկրատ Մարկ Ուորները մոտ մեկ ամիս առաջ Կալիֆորնիայում հանդիպում է ունեցել կայքի ներկայացուցիչների հետ՝ ՌԴ-ի ենթադրյալ միջամտությունը պարզելու հետաքննության շրջանակներում: Դեմոկրատները կարծում են, որ համացանցում հայտնված կեղծ նորությունները դարձել են նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնի պարտության պատճառներից մեկը: Նրանք պնդում են, որ կեղծ նորությունների տարածման հետ կապ ունեն ռուսական ցանցահենները: Այժմ Ուորները ցանկանում է իմանալ, թե արդյոք Թրամփի շտաբն իր գործողությունները համաձայնեցրել է Facebook-ի հետ և արդյոք Ռուսաստանն օգնել է դրանք հրապարակելու հարցում:
Facebook-ում նշել են, որ համագործակցում են հետաքննության հետ: «Մեզ հետ մի շարք պաշտոնատար անձինք են կապվել, այդ թվում և սենատոր Ուորները»,- CNN-ին հայտնել է կայքի ներկայացուցիչը՝ հավելելով, որ ընկերությունն արդեն հայտարարել է ՌԴ-ի կողմից կայքի միջոցով ընտրություններին միջամտելու վերաբերյալ ապացույցների բացակայության մասին:
CNN-ի փոխանցմամբ՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետաքննության հատուկ հանձնաժողովի ներկայացուցիչները պատրաստվում են զրուցել Բրեդ Փարսկեյլի հետ, որը Թրամփի այսպես կոչված «թվային շտաբի» պետն է եղել: Կոնգրեսմենները ցանկանում են պարզել՝ արդյո՞ք նա և Թրամփի շաբի այլ անդամներ օգնել են Ռուսաստանին ԱՄՆ-ի ընտրություններին վերաբերող կեղծ լուրերի տարածման հարցում: Փարսկեյլը ժխտել է այդ պնդումները՝ հայտարարելով, որ պատրաստ է ելույթ ունենալ օրենսդիրների առաջ:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ 2016 թ. ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտությունը պարզելու հետաքննությամբ զբաղվում են Կոնգրեսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի հետաքննության հատուկ հանձնաժողովները և ՀԴԲ-ն։ Թրամփը և նրա օգնականները բազմիցս հերքել են նախընտրական շրջանում ռուսական պաշտոնատար անձանց հետ ունեցած կապի մասին լուրերը։ Ռուսաստանն իր հերթին հերքել է ամերիկյան նախագահական ընտրություններին միջամտելու մեղադրանքները։