Արևելյան Եվրոպայում բողոքում են «ապրանքային ռասիզմից». The Times
![](https://www.noror.am/sites/default/files/styles/header_image/public/header-images/wuka.jpg?itok=k3GsQZue)
Արևելյան Եվրոպայի երկրները պնդում են, որ իրենց տարածքում վաճառվող արևմտյան ապրանքանիշի ապրանքները որակով տարբերվում են իրենց իսկ արևմտյան տարբերակներից՝ ընդ որում վատ առումով. գրում է The Times-ը:
Թերթի տվյալների համաձայն՝ Արևելյան Եվրոպայի երկրները սպառնում են «շրջափակել» Եվրամիությունը «ապրանքային ռասիզմի» պատճառով:
Խմբագրությունը նշում է, որ վերջերս կայացած մամլո ասուլիսի ընթացքում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն հայտնել է՝ Iglo ընկերության ձկան ձողիկները Սլովակիայի խանութներում վաճառվում են 300 գրամում 58% ձկան պարունակությամբ, մինչդեռ Ավտրիայում նույն փաթեթում ձկան պարունակությունը 65% է, ընդ որում՝ նույն գնով:
Սլովակիայի վարչապետը խոստացել է կոչ անել Հունգարիայի, Չեխիայի և Լեհաստանի առաջնորդներին՝ արգելափակել արևմտաեվրոպական արտադրանքը, եթե Եվրահանձնաժողովը ոչինչ չձեռնարկի: «Մենք պետք է պաշտպանվենք, մենք չենք կարող այդպիսի բան թույլ տալ: Մենք պարզապես ցանկանում ենք, որ Սլովակիայի ժողովուրդն օգտվի նույն որակի սննդից, ինչ արևմուտքի ժողովուրդը»,- Ֆիկոյի խոսքերը մեջբերում է The Times-ը:
RT-ի փոխանցմամբ՝ «ապրանքային ռասիզմ» արտահայտությունն առաջին անգամ օգտագործվել է լեհական Gazeta Prawna առցանց լրատվականում, որը բազմաթիվ նյութեր է հրապարակել Nutella կամ Sprite ապրանքների տարածաշրջանային առանձնահատկությունների մասին: Արդեն մի քանի ամիս է տարբերություններն ակնհայտ են. օրինակ՝ պարզվել է, որ դանիական Tulip Food Company-ի՝ Չեխիա ուղարկված մսային արտադրանքում բացի խոզի մսից նաև հավի միս է եղել, իսկ Գերմանիա ուղարկվածում՝ ոչ: Ընկերության ներկայացուցիչները պնդում էին, որ ապրանքներն իրոք տարբերվում են` հարմարեցվելով «համային նախապատվություններին, շուկայական պահանջներին և գներին»: Նույն պատասխանն էր տվել Coca-Cola ընկերությունը, երբ պարզվել էր, որ Չեխիա արտահանվող Sprite զովացուցիչ ըմպելիքի բաղադրության մեջ բացի շաքարից այլ արհեստական քաղցրացուցիչներ են առկա, մինչդեռ գերմանական Sprite-ում դրանք բացակայում են:
Որոշ քաղաքական գործիչների այդ բացատրությունները չեն բավարարում: «Մենք չենք ասում, որ ընկերությունները չեն կարող ապրանքները հաճախորդների պահանջներին հարմարեցնել: Խոսքը հիմնական բաղադրիչի որակային տարբերության մասին է»,- հայտարարել է Չեխիայի խորհրդարանի անդամ Օլգա Զենալովան:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հրաժարվել էր քայլեր ձեռնարկել: Կառույցի ներկայացուցիչներից մեկը հայտարարել էր. «Քանի դեռ ապրանքները համապատասխանում են ԵՄ-ի իրավական նորմերին և իրենց հիմնական հատկանիշներով մոլորության մեջ չեն գցում սպառողներին, այնպիսի օրենքներ չեն սահմանվի, որոնք ընկերություններին կարգելեն տարբեր ապրանքներ արտադրել՝ կախված շուկայից»: