Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկել է Ուկրաինայի քաղաքացիությունից
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն քաղաքացիությունից զրկել է Միխայիլ Սաակաշվիլիին՝ պետության ղեկավարին առընթեր քաղաքացիության հարցերով հանձնաժողովի առաջարկության հիման վրա. Այս մասին տեղեկացնում է նախագահի վարչակազմը:
«Պետական միգրացիոն ծառայության ներկայացրած հիմնավոր փաստերի համաձայն՝ Ուկրաինայի նախագահին առընթեր քաղաքացիության հարցերով հանձնաժողովը որոշում է կայացրել օժանդակել Միխայիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու խնդրագրին, և նախագահին խորհուրդ տվել համապատասխան որոշում կայացնել»,- վարչակազմի հայտարարությունը փոխանցում է «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականը:
Նախագահի վարչակազմում հավելել են, որ «անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության համաձայն՝ տվյալ իրավական ակտը չի կարող հրապարակվել, քանի որ գաղտնի՝ մասնավորապես անձնական բնույթի տեղեկություններ է պարունակում»:
Միխայիլ Սաակաշվիլիի «Նոր ուժերի շարժում» կուսակցության անդամները հայտարարել են, որ իրենց առաջնորդն այժմ գտնվում է ԱՄՆ-ում, սակայն պարզ չէ, թե երբ է վերադառնալու:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Սաակաշվիլիի կուսակցությունը և նրա կողմնակիցները հավաքվել են Կիևի Ազատության հրապարակում՝ իրենց առաջնորդի պաշտպանության համար: