Թրամփը հակառուսական պատժամիջոցների խստացման հարցը նախօրոք կքննարկի Եվրոպայի հետ․ Գերմանիայի ԱԳ նախարար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ վերջնական որոշում չի կայացրել հակառուսական պատժամիջոցների վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Սիգմար Գաբրիելը։

«Նախագահ Թրամփը դեռ չի որոշել ինչ չափով կամ ընդհանրապես կխստացնի արդյոք Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։ Ենթադրվում է, որ այդ հարցը նախօրոք կքննարկվի մեր՝ եվրոպացիներիս հետ», - ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը։

Նրա խոսքով՝ ինքը ցանկանում է պահպանել քննարկման հնարավորությունը՝ սերտ կապի մեջ լինելով պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ։ Գաբրիելն ընդգծել է նաև, որ հակառուսական պատժամիջոցների նպատակն Ուկրաինայի հարցում Մոսկվայի վրա ճնշում գործադրելն է։

«Այդ նպատակն իրագործելի է, եթե մենք համախմբված լինենք, իսկ ԱՄՆ-ի՝ պատժամիջոցերի քողի տակ թաքնված արդյունաբերական քաղաքականությանը հակահարված կտանք», - ավելացրել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ԱՄՆ-ի Կոնգերսի երկու պալատներն ընդունել են Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների խստացման մասին օրինագիծը: Դրա հաստատման համար պակասում է միայն նախագահ Թրամփի ստորագրությունը: Եվրոպացիներին մտահոգում է, որ դրանց միջոցով ԱՄՆ-ն փորձում է սահմանափակել Ռուսաստանի հետ համագործակցության ուղիները և առաջնային դարձնել ամերիկյան էներգետիկ պաշարների արտահանումը Եվրոպա:

Ի պատասխան հակառուսական պատժամիջոցների խստացման՝ Մոսկվան կրճատել է երկրում ամերիկացի դիվանագետների թիվը՝ հասցնելով 455-ի, և փակել «Արծաթե Բորում» ամերիկյան դիվանագիտական սեփականության հասանելիությունը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.