Սաակաշվիլին մեղադրել է Պորոշենկոյին իր քաղաքացիության փաստաթղթերը կեղծելու մեջ
Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահի վարչակազմը հրապարակել է իր՝ քաղաքացիություն ստանալու կեղծ հայտը. գրում է ՏԱՍՍ-ը:
Հուլիսի 26-ին հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն քաղաքացիությունից զրկել է Սաակաշվիլիին՝ «քաղաքացիություն ստանալու դիմումը լրացնելիս կեղծ տեղեկություն ներկայացնելու» պատճառով: Ավելի ուշ ԵԽԽՎ-ում Գերագույն ռադայի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Արևը հրապարակել էր Սաակաշվիլիի դիմումի պատճենը: Դրանում առկա է «այլ երկրների տարածքում դատավարության կամ հետաքննության մեջ չեմ գտնվում» կետը, որի տակ Սաակաշվիլին դրել է իր ստորագրությունը:
«Պորոշենկոն հրաման է արձակել՝ հիմնվելով կեղծ փաստաթղթի վրա: Նրանք անձամբ են խոստովանել, որ դա իմ ստորագրությունը չէ, այսինքն՝ նախագահի վարչակազմն է զբաղվել փաստաթղթի կեղծմամբ: Խոսքը ոչ թե իմ, այլ Պորոշենկոյի և նրա մարդկանց հանցագործությունների մասին է»,- «Ուկրաինա 112» հեռուստաալիքի եթերում ասել է նա:
Քաղաքական գործչի խոսքով՝ նա ճիշտ է լրացրել ուկրաինական քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ բոլոր հարցաթերթերը: «Ցու՛յց տվեք իմ փաստաթղթերը, որտե՞ղ են դրանք: Փաստաթղթերը չկան: Նրանք կեղծել և հրապարակել են այն փաստաթղթերը, որոնցում դրված է իմ կեղծ ստորագրությունը»,- հայտարարել է նա:
Սաակաշվիլին հավելել է, որ կանի ամեն հնարավոր բան՝ «արագորեն Ուկրաինա վերադառնալու համար»:
Նշենք, որ նա Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2004-2007 թ․թ. և 2008-2013 թ․թ., որից հետո հեռացել է երկրից: 2014 թ. նրան մեղադրանք է ներկայացվել 2007 թ. նոյեմբերի խաղաղ ցույցի մասնակիցներին պատժելու, ապօրինաբար «Իմեդի» հեռուստաալիքի շենք ներխուժելու և գործարար Բադրի Պատարկացիշվիլիի ունեցվածքն անօրինական ձևով սեփականաշնորհելու, պատգամավոր Վալերի Գելաշվիլիի վրա զինված հարձակում կազմակերպելու և 2009-2012 թ․թ. պետական միջոցները յուրացնելու համար:
2015 թ. մայիսին Սաահակաշվիլին ստացել էր Ուկրաինայի քաղաքացիություն և ստանձնել Օդեսայի շրջանի նահանգապետի պաշտոնը, իսկ 2016 թ. նոյեմբերին հրաժարական էր տվել՝ որոշումը բացատրելով պետական այրերի մասնակցությամբ կաշառակերության դեմ պայքարի անարդյունավետությամբ, որից հետո հիմնադրել է իր կուսակցությունը: