Պենտագոնը և Պետքարտուղարությունն առաջարկել են զենք մատակարարել Կիևին. Wall Street Journal

Պենտագոնը և ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը մշակել են ուկրաինական իշխանություններին հակատանկային հրթիռների և այլ զինատեսակների մատակարարման ծրագիրը, որը սակայն դեռևս չի հաստատվել Սպիտակ տան կողմից. այս մասին տեղեկացնում է ամերիկյան The Wall Street Journal թերթը:
Թերթի աղբյուրների համաձայն՝ խոսքն ամենայն հավանականությամբ Javelin հակատանկային հրթիռային համակարգերի, հակաօդային պաշտպանության համակարգերի և այլ զինատեսկների մասին է: Ամերիկացի պաշտոնյաները դրանք գնահատել են որպես պաշտպանական զինատեսակներ: Ընդ որում, ծրագրի համաձայն, հակատանկային համակարգերով զինված ուկրաինացի զինվորները «կդասավորվեն հակամարտության գոտու առաջնագծից որոշ հեռավորության վրա»՝ գործողությունների թեժացումը կանխելու համար:
ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան տեղեկացրել է, որ Սպիտակ տանը Ուկրաինային զենքի մատակարարման մասին դեռևս որոշում չի կայացվել: Նշվում է նաև, որ ծրագրի մասին դեռևս չեն տեղեկացրել անգամ նախագահ Դոնալդ Թրամփին, և նրա դիրքորոշումը պարզ չէ:
«Որոշ ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաների կարծիքով՝ Սպիտակ տան կողմից վերջնական որոշման ընդունումը կարող է ամիսներ տևել»,- ասվում է թեթի հոդվածում:
Ինչպես նշում է The Wall Street Journal-ը, Գերմանիան և Ֆրանսիան այն կարծիքին են, թե Ուկրաինային ամերիկյան զենքի մատակարարումը կարող է հանգեցնել այդ երկրում հակամարտության լարմանը: Թերթի տվյալներով՝ ամերիկյան կողմը հույս ունի, որ այդ նախաձեռնությանը դրական կարձագանքեն Կանադան, Մեծ Բրիտանիան, Լեհաստանը և Լիտվան: