Ֆրանսիայի դատախազությունը Սարկոզիին կասկածում է Կատարից կաշառք ստանալու մեջ
Ֆրանսիայի դատախազությունը երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին կասկածում է ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման կատարական հայտին առաջնահերթություն տալու համար էմիրատի իշխանություններից կաշառք ստանալու մեջ. այս մասին տեղեկացրել է The Daily Telegraph-ը:
Մասնավորապես նշվում է, որ իրավապահ մարմինները ստուգում են այն վարկածը, թե նախկին նախագահն ապօրինի վարձատրության մի մասն ստացել է «Պարի Սեն-Ժերմեն» ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերը կատարական հիմնադրամին վաճառելուց:
Հիշեցնենք, որ 2022 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմակերպման իրավունքը Կատարն ստացել է 2010 թ.: Այդ որոշումը բազմաթիվ վեճերի և կաշառակերության մեղադրանքների պատճառ դարձավ. փորձագետները նաև երկմտում էին, թե ինչքան ողջամիտ է խաղերն այդ շոգ կլիմայում անցկացնելը:
Ֆրանսիան Դոհայի հայտին աջակցող ամենաակտիվ երկրներից էր: ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինիի խոսքով՝ դրանում մեծ դեր է խաղացել Սարկոզին, որն այդ ժամանակ երկրի նախագահն էր:
2013 թ. Պլատինին պատմել է Ֆրանսիայի նախագահի նստավայրում կայացած ընթրիքի մասին, որին ներկա են եղել նաև Կատարի էմիրը և վարչապետը: Մասնավորապես քննարկվել է առաջնության անցկացման համար երկրի ներկայացրած հայտը: Այդուհանդերձ ՈւԵՖԱ-ի նախկին նախագահը նշել է, որ Սարկոզին ուղղակիորեն չի հորդորել աջակցել Կատարին:
Նշենք, որ այս տարվա փետրվարին հայտնի է դարձել՝ Նիկոլա Սարկոզին դատարանի առաջ կկանգնի 2012 թ. իր նախընտրական քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման պատճառով: