Ավստրալիայի օդանավակայանում ձախողված ահաբեկչության կազմակերպիչն օգտագործել է եղբոր ուղեբեռը՝ պայթուցիկն աննկատ օդանավ անցկացնելու համար
Ավստրալիայում ահաբեկչություն կատարելու մեջ կասկածվող անձը փորձել է ռումբն օդանավ մտցնել՝ տեղավորելով այն իր եղբոր ուղեբեռում. ավստրալական ոստիկանության հայտարարությունը փոխանցում է BBC-ն:
Ոստիկանության փոխանցմամբ՝ կասկածյալները ենթադրաբար գործել են Իսլամական պետության պատվերով, սակայն նրանց ծրագիրն «ամբողջությամբ ձախողվել է»:
Ավստրալիայի դաշնային ոստիկանության պետի տեղակալ Մայքլ Ֆելանի խոսքով՝ դա «երբևիցե Ավստրալիայի հողի վրա կազմակերպած ամենախճճված դավադրություններից մեկն է եղել»: Նա հայտնել է, որ կասկածյալները «բարձրակարգ» զինվորական պայթուցիկ են ստեղծել և ամրացրել ճամպրուկին:
Ծրագրի համաձայն՝ նրանցից մեկի եղբայրը պետք է բարձրացներ այն հուլիսի 15-ին Սիդնեյի օդանավակայանից թռչող Etihad Airways-ի օդանավ: Սակայն անհայտ պատճառներով՝ օդանավի թռիչքը վերջին պահին չեղյալ է հայտարարվել, իսկ ուղեբեռն օդանավ չի մուտքագրվել: Կասկածյալի եղբայրն առանց ուղեբեռի լքել էր օդանավը:
«Դեռևս անհայտ է, թե ինչու ուղեբեռը չի մուտքագրվել, բայց ուզում եմ շեշտել, որ այն չի անցել անվտագության որևէ զննություն»,- նշել է Ֆելանը:
Ոստիկանները հայտնել են, որ կասկածյալները հավաքել են պայթուցիկը՝ օգտագործելով Թուրքիայից օդային ճանապարհով Ավստրալիա հասած մասերը. այդ ամբողջը կազմակերպվել է ԻՊ-ի անդամներից մեկի կողմից, որի հետ կասկածյալները կապի մեջ են եղել ապրիլից սկսած:
BBC-ի տվյալներով՝ առաջին ձախողումից հետո կասկածյալները երկրորդ ծրագիրն են մշակել, որով նախատեսվում էր ստեղծել քիմիական մի սարք. վերջինի օգնությամբ հնարավոր կլիներ ջրածնի սուլֆիդ կամ այսպես կոչված «նեխած ձվի գազ» տարածել: Այս ծրագիրը նույնպես չի հաջողվել իրականցնել ոստիկանության միջամտության շնորհիվ:
Երկու կասկածյալները՝ 49-ամյա Խալեդ Խայաթը և 32-ամյա Մահմուդ Խայաթը ձերբակալված են: Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանք կդատապարտվեն ցմահ ազատազրկման:
Նշենք, որ վերջին ամիսներին Ավստրալիայում մի շարք ահաբեկչական գործողություններ են կանխվել: Երկրում հայտարարված է ահաբեկչության վտանգի երրորդ աստիճան: