Հորդանանը և Պաղեստինն ստեղծել են Իսրայելի գործողություններին արձագանքելու շտաբ. ԶԼՄ-ներ

Հորդանանի թագավոր Աբդալլա 2-րդը, որն օգոստոսի 7-ին ժամանել է Հորդանան գետի արևելյան ափին գտնվող Ռամալա քաղաքը, բանակցություններ է անցկացրել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ։ WAFA գործակալության փոխանցմամբ՝ Պաղեստինի արտգործնախարար Ռիյադ ալ Մալիքին լրագրողներին հայտնել է, որ հանդիպման արդյունքում որոշվել է ստեղծել «երկկողմ ճգնաժամային շտաբ, որն զբաղվելու է Ալ Աքսա մզկիթի դեմ իսրայելական մեքենայություններին արձագանքելով»։

«Դա արվել է՝ հաշվի առնելով, որ Իսրայելական կառավարության գլխին կանգնած է Բինյամին Նեթանյահուն, և մենք պետք է նրանից նոր սադրանքներ սպասենք»,- ընդգծել է ալ Մալիքին։ Նա նշել է, որ Նեթանյահուն և նրա կաբինետը «ձգտում են փոխել Տաճարի լեռան ներկայիս կարգավիճակը»։

«Մենք պետք է դասեր քաղենք և պատրաստ լինենք ցանկացած մարտահրավերի»,- ասել է նախարարը։

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, հուլիսի 21-ին Աբբասը հայտարարել է Իսրայելի հետ հարաբերությունների սառեցման մասին, այդ թվում նաև պաշտպանական ոլորտում։ Նրա խոսքով՝ «այդ որոշումն ուժի մեջ կլինի քանի դեռ իսրայելական իշխանությունները չեն չեղարկել Ալ Աքսա մզկիթի  և ընդհանրապես Պաղեստինի ժողովրդի դեմ սահմանված միջոցառումները»։

Նշենք, որ հուլիսի 27-ին իսրայելական իշխանությունները մետաղական դետեկտորներ և տեսահսկող սարքեր էին տեղադրել Տաճարի լեռան վրա, որի դեմ բողոքել էին արաբ բնակիչները. դա հանգեցրել էր զանգվածային բախումների։

Պաղեստինի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Նաբիլ Աբու Ռուդեյնի փոխանցմամբ՝ թագավոր Աբդուլլա 2-րդը և Աբբասը հաստատել են երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը։ «Հորդանանը լիակատար աջակցություն է ցուցաբերել պաղեստինցի ժողովրդին և նրա ղեկավարությանը։ Աբբասն իր հերթին շնորհակալություն է հայտնել Աբդուլլա 2-րդին պաղեստինցիների և Երուսաղեմի սրբությունների օգտին նրա ձեռնարկած ջանքերի համար»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.