Ամբողջ աշխարհը ցնցված է ԱՄՆ-ի անկանխատեսելի քաղաքականությունից․ Գերմանիայի ԱԳ նախարար

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Սիգմար Գաբրիելը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «անհասկանալի ռազմատենչ հռետորաբանությունը» Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակում։ «Նման հակամարտություններն սկսվում են հայտարարություններով և ավարտվում ռազմական գործողություններով», - Kolner Stadt-Anzeiger թերթին տված հարցազրույցում ասել է Գաբրիելը։

«Ամբողջ աշխարհը ցնցված է ԱՄՆ-ի անկանխատեսելի քաղաքականությունից։ Դժվար է հասկանալ, թե ով է այնտեղ գլխավորը», - հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարարը՝ ընդգծելով, որ այն ժամանակ, երբ պետքարտուղար Թիլերսոնը և պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը սխալ են համարում ԱՄՆ-ի ռազմական միջամտությունը, Թրամփի շրջակայքում հայտնվում են մարդիկ, որոնք ճիշտ են համարում ուժ կիրառելը։

«Սա հակասում է մինչ այժմ Արևմուտքը միավորող համամարդկային արժեքներին՝ ժողովրդավարությանը, ազատությանը և օրենքի գերակայությանը։ Փաստը, որ ԱՄՆ-ը հրաժարվում է այս արժեքներից, թուլացնում է Արևմուտքը», - ասել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Գաբրիելի խոսքով՝ Հյուսիսային Կորեայի շուրջ ծագած հակամարտությունը պետք է արագորեն լուծել քաղաքական ճանապարհով, այլապես «իրավիճակի յուրաքանչյուր էսկալացիա կարող է հանգեցնել պատերազմի»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.