Ճապոնիան արտակարգ զգուշացման համակարգի փորձարկում է իրականցրել՝ Հյուսիսային Կորեայի հրթիռային սպառնալիքների ֆոնին
Ճապոնիայում իրականցավել են J-Alert արտակարգ զգուշացնող համակարգերի օգտագործման դասընթացներ՝ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռային արձակմանն արագ արձագանքելու համար: Հատուկ հեռարձակման ալիքների միջոցով փորձնական նախազգուշացում է տարածվել Հոնսյու կղզու հարավարևմտյան հատվածի 202 քաղաքներում և գյուղերում. այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Զորավարժություններն անցկացվել են Տյուգոկո շրջանում և Սիկոկու կղզում. սրանք այն տարածքներն են, որոնց վրայով, Փհենյանի փոխանցմամբ, թռչելու են Գուամ ուղղված հյուսիսկորեական հրթիռները: Զորավարժություններին ընդհանուր առմամբ ինը նահանգ է մասնակցել:
Զգուշացնող համակարգերի ստուգումը հիմնականում հաջող է անցել: Սակայն, Kyodo գործակալության փոխանցմամբ, որոշ շրջաններում վտանգի զգուշացման մասին հաղորդագրությունը հնարավոր չի եղել կարդալ. խափանման պատճառներն այժմ ստուգվում են:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, նախորդ զորավարժությունների ընթացքում ստուգվել է միայն համակարգի աշխատունակությունը, սակայն բնակչության տարհանում չի իրականացվել:
Կորեական թերակղզում իրավիճակը ծայրահեղ լարված է մնում՝ Փհենյանի միջուկային ծրագրի զարգացման պատճառով: Անցյալ շաբաթ Փհենյանի և Վաշինգտոնի կողմից մի շարք սուր հայտարարություններ են հնչել, որը հանգեցրել է հակամարտության սրման նոր փուլի: