Վրաստանի դատախազությունը Սաակաշվիլիի արտահանձնման վերաբերյալ Կիևին հարցում է ուղարկել

Վրաստանի Գլխավոր դատախազությունը մի քանի երկրների՝ այդ թվում և Ուկրաինայի իրավապահ մարմիններին է ուղարկել երկրի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլի արտահանձնման դիմումը. այս մասին տեղեկացրել է «Իմեդի» հեռուստաալիքը՝ հղում կատարելով վերահսկիչ մարմնի գրավոր պատասխանին:

«Միխաիլ Սաակաշվիլիի խնդրանքով՝ Գլխավոր դատախազությունը բանակցություններ է վարում տարբեր երկրների իրավասու մարմինների հետ, իրականացվում են բոլոր անհրաժեշտ համապատասխան միջոցառումները»,- ասվում է հայտարարության մեջ: Նամակում նշվում է, որ վրացական դատախազությունը ուկրաինական կողմին է ուղարկել Սաակաշվիլիի արտահանձնաման հարցումը՝ հավելելով, որ «Վրաստանի Գլխավոր դատախազությունն ակտիվորեն համագործակցում է Ուկրաինայի Գլխավոր դատախազության հետ»:

Հուլիսի վերջին Վրաստանի արդարադատության նախարար Թեյա Ցուլուկիանին պատրաստակամություն էր հայտնել Սաակաշվիլիի արտահանձնումը պահանջել ցանկացած այն երկրից, որն Ուկրաինայի քաղաքացիությունից զրկվելուց հետո նախկին նահագահը կընտրի որպես բնակության վայր:

«Եթե դա լինի Ուկրաինան, ապա այդ երկրի հետ մեր բոլոր իրավական գործընթացները ավարտված են, և բոլոր ապացույցները, որոնք մենք հավաքել ենք 2014-2015 թ․թ., արդեն փոխանցվել են ուկրաինական կողմին: Ինչ վերաբերում է մյուս երկրներին, օրինակ՝ ԱՄՆ-ին, եթե նախկին նախագահը որոշի մնալ այնտեղ, ապա մեզ իրավաբանական խորհրդատվություններ անհրաժեշտ կլինեն այդ երկրների հետ»,- պարզաբանել է նախարարը:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այս շաբաթվա սկզբին Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխաիլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ մտադիր է սեպտեմբերի 10-ին վերադառնալ Ուկրաինա:

Հիշեցնենք, որ 2017 թ. հուլիսի 26-ին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկել էր քաղաքացիությունից: Հուլիսի երկրորդ կեսին նա եղել է ԱՄՆ-ում, օգոստոսի սկզբին՝ Լեհաստանում, ապա Լիտայում և Հունգարիայում:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.