Ֆինլանդիայում կատարված հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել
Ֆինլանդիայի Տուրկու քաղաքի կենտրոնում անհայտ անձը դանակահարել է անցորդներին, որի արդյունքում զոհվել է երկու, վիրավորվել՝ յոթ մարդ. ֆիննական ոստիկանության հայտարարությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ոստիկանությունում նշել են, որ դեպքի հետաքննության շրջանակներում մեկ կասկածյալ կա: Վերջինս այժմ գտնվում է հիվանդանոցում: Ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն՝ նա Ֆիլնլանդիայի քաղաքացի է:
Օրինապահ մարմինները կրակ են բացել հարձակվողի ուղղությամբ՝ վիրավորելով ոտքից և ձերբակալելով նրան:
Ոստիկանները հայտնել են նաև, որ հարձակվողն, ամենայն հավանականությամբ, մենակ է գործել: «Մենք չենք կարող հաստատ ասել, որ նա մենակ է գործել, բայց դա շատ հավանական է»:
Օրինապահ մարմինները նշում են, որ կատարավածը «ահաբեկչություն չէ, սակայն պետք չէ բացառել այդ տարբերակը»:
Yle հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Ֆինլանդիայի ՆԳ նախարար Պաուլա Ռիսիկկոն հայտարարել է, թե իշխանությունները դեռևս չեն որոշել կատարվածը որպես ահաբեկչական գործողություն սահմանել, թե ոչ: Նա պարզաբանել է, որ նախ և առաջ անհրաժեշտ է պարզել հարձակվողի ինքնությունը՝ նշելով, որ նա ամենայն հավանականությամբ օտարերկրացի է:
Ֆինլանդիայի ոստիկանությունը մարդկանց հորդորում է հեռու մնալ քաղաքի կենտրոնից: Հելսինկիի օդանավակայանում, նավահանգիստներում և կայարաններում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: