Հնագետները պատրաստվում են ստեղծել ղրիմյան Ակրա անտիկ քաղաքի եռաչափ մոդելը

Ղրիմի Ստորջրյա հետազոտությունների սևծովյան կենտրոնի մասնագետներն սկսել են ջրասույզ եղած անտիկ Ակրա քաղաքի եռաչափ քարտեզ-սխեմայի ստեղծման աշխատանքները. գրում է ՏԱՍՍ-ը:

«Այս արշավի ընթացքում մենք առաջին անգամ օգտագործել են լուսանկարաչափության նոր մեթոդ, որի միջոցով լուսանկաներից ստեղծվում են ստորջրյա օբյեկտների եռաչափ մոդելներ: Դա կլինի Ակրայի 3D տարբերակը: Այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են»,- հայտնել է արշավախմբի ղեկավար և կենտրոնի փոխտնօրեն Վիկտոր Վախոնեևը:

Նրա խոսքով՝ այս մոդելը թույլ կտա ապագայում տարբեր կառույցներ վերաստեղծել ջրի տակ, օրինակ՝ քաղաքային թաղամասեր, փողոցներ, տներ, պաշտպանական պատեր: «Սա շատ հարմար մեթոդ է, քանի որ այժմ հնագետները ջրի տակ սահմանափակ տեսանելության պայմաններում են աշխատում»,- նշել է Վախոնեևը՝ հավելելով, որ ներկայիս՝ թվով յոթերորդ արշավի ընթացքում ուսումնասիրվել են քաղաքի երեք հատվածներ՝ ընդհանուր առմամբ 3 հեկտար մակերեսով:

«Աշխատանքներն իրականացվել են երեք հատվածներում՝ երկու ստորջրյա և մեկ ափամերձ: Ջրի տակ ուսումնասիրվել են քաղաքային կառույցներ, ցամաքում՝ պաշտպանական պատի հատվածներ: Իրականացվել է նաև ավազանի ձայնային սկանավորում, որը թույլ կտա ծրագիր մշակել հաջորդ տարվա համար»,- ասել է արշավախմբի ղեկավարը:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, ջրի մակերեսին մի շարք գտածոներ են հայտնաբերվել, որոնց թվում են անտիկ շրջանի փայտե մի սանր և կավե սպասքի կտորներ: Բոլոր գտածոները հանձնվելու են Արևելյան Ղրիմի պատմամշակութային թանգարան-արգելոցին:

Ակրա քաղաքը գոյություն է ունեցել մ.թ.ա. V դարից մինչև մ.թ. III դարի վերջ և եղել է Կերչ թերակղզում գտնվող Բոսֆորի թագավորության կազմում՝ զբաղեցնելով 3,5 հեկտար տարածք: Հին քաղաքն անվանում են «Ղրիմյան Ատլանտիդա», այն պաշտպանված է եղել վեց մետրանոց պաշտպանական պարիսպով: Այժմ քաղաքի 90% ջրի տակ է:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.