ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները

Վաշինգտոնի արտերկրյա լրագրողների մամուլի ակումբում անցած հանդիպման ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը ներակացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վեց հիմնական կետերը։ Համանախագահի հայտարարությունը փոխանցում է Ամերիկայի ձայնը

  • «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը՝ կողմերը պետք է սահմանեն դրա վերջնական իրավական կարգավիճակը ապագայում փոխադարձ համաձայնությամբ և իրավական պարտավորեցնող կամարտահայտմամբ:
  • Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի սահմանների մեջ գտնվող տարածքին, որը Բաքվի կողմից չի վերահսկվում, պետք է ժամանակավոր կարգավիճակ տրվի, որն առնվազն կապահովի անվտանգության և ինքնավարության երաշխիքները։
  • Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավված տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանի վերահսկողությանը։ Այդ տարածքները չեն կարող բնակեցվել՝ առանց Ադրբեջանի ինքնիշխանությունը հաշվի առնելու։ Դրանց նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի:
  • Պետք է լինի Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը միացնող միջանցք: Այն պետք է լինի բավականաչափ լայն՝ անվտանգ փոխադրումներ իրականացնելու համար, սակայն այն չի կարող ներառել Լաչինի ամբողջ շրջանը:
  • Հարատև կարգավորումը պետք է ճանաչի բոլոր տեղահանված անձանց և փախստականների՝ բնակության նախկին վայր վերադառնալու իրավունքը:
  • Կարգավորումը պետք է իր մեջ ներառի անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կընդգրկեն խաղաղարար միջոցառումներ: Գոյություն չունի սցենար, որում խաղաղությունը կարող է ապահովված լինել առանց լավ նախապատրաստված խաղաղ գործողությունների, որոնք վայելում են բոլոր կողմերի վստահությունը»:

Դեսպանը նշել է, որ այս կետերում ներկայացված է միջազգային միջնորդների՝ մադրիդյան սկզբունքների վրա հիմնված ընդհանուր քաղաքականությունը, որը կապված չէ այս կամ այն համանախագահի հետ:

«Անգամ եթե կողմերը համաձայն չեն առաջարկվող ծրագրի առանձին կետերի հետ, նրանք միևնույն է պատրաստ են քննարկել այն. կարծում եմ այժմ հենց դա է կարևորը»,- ասել է Հոգլանդը՝ պատասխանելով հակամարտության կողմերի դիրքորոշման վերաբերյալ հարցին:

Հանդիպմանը ներկա անդրբեջանցի լրագրողներն առանձնակի ուշադրություն են դարձրել այն փաստին, որ ներկայացված կետերում հատուկ նշված չէ իրենց երկրի տարածքային ամբողջականության սկզբունքը: Համանախագահն ընդգծել է, որ այդ ձևակերպումը միտումնավոր չէ բաց թողնվել և այն պետք է քննարկվի վերջում՝ համապատասխանեցվելով հելսինկյան սկզբունքներին:

Հոգլանդը տարբերություն է դրել Լեռնային Ղարաբաղի և Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի հակամարտությունների միջև՝ նշելով որ այն տասնամյակների և նույնիսկ դարերի պատմություն ունի:

Մամլո ասուլիսի ընթացքում դիվանագետը հայտնել է նաև, որ օգոստոսի 28-ից լքելու է իր ժամանակավոր պաշտոնը՝ այն զիջելով ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի արդեն մշտական համանախագահ Էնդյու Շեֆերին: Վերջինս, Հոգլանդի խոսքով, բավականին հմուտ ամերիկացի դիվանագետ է և մեծ փորձ ունի Կիպրոսի և այլ հակամարտությունների կարգավորման հարցում: Մինչ ներկայիս պաշտոնին նշանակվելը Շեֆերը ծառայել է որպես Միջազգային կազմակերպություններում Միացյալ Նահանգների առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատար:

«Պետքարտուղարությունը փայլուն ընտրություն է կատարել: Նոր համանախագահը լիարժեք տիրապետում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված ամբողջական տեղեկատվությանը և պատրաստ է ստանձնել իր պարտականությունները»,- ամփոփել է Հոգլանդը:

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.