Էրդողանի օրոք Թուրքիան Եվրամիություն մուտք չի գործի. Գերմանիայի ԱԳ նախարար

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ քանի դեռ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի նախագահն է, Անկարան Եվրամիություն մուտք գործելու շանսեր չունի. այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն:

«Էրդողանը փորձում է պառակտել մեզ, նա դա միտումնավոր է անում՝ իրեն ավելի բարենպաստ լույսի ներքո ներկայացնելու համար: Այս պայմաններում Թուրքիայի՝ ԵՄ մուտք գործելու շանսերը զրոյական են»,- հայտարարել է նախարարը:

Նրա խոսքով՝ այդ քայլերով Էրդողանը ցանկանում է համոզել Թուրքիայում և Գերմանիայում բնակվող թուրքերին, որ հարաբերությունների վատթարացման մեջ մեղավոր է Բեռլինը:

Հիշեցնենք, որ վերջերս Էրդողանը Գաբրիելին հորդորել է Անկարայի գլխին քարոզներ չկարդալ և ճանաչել իր տեղը: «Նա ոչինչ չի հասկանում: Ո՞վ ես դու, որ խոսում ես Թուրքիայի Հանրապետության նախագահի հետ: Խոսի՛ր Թուրքիայի ԱԳ նախարարի հետ»,- Գաբրիելին կոչ էր արել նա:

Թուրքիայի առաջնորդն ընդգծել է նաև, որ «իր համար միևնույն է՝ Գերմանիան կբացի դռները Թուրքիայի առաջ, թե ոչ»: «Դռներ շատ կան: Մենք մեծ ուրախությամբ կմտերմանանք նրանց հետ, ովքեր կբացեն դրանք մեր առաջ: Իսկ մենք կբացենք մեր դռները»,- նշել է նա:

Այս հայտարարությունից մեկ օր առաջ Էրդողանը դիմել էր Գերմանիայում ապրող թուրքերին՝ կոչ անելով առաջիկա ընտրություններում քվեարկել կանցլեր Անգելա Մերկելի և «մյուս թշնամիների» դեմ, որոնց թվում են Քրիստոնյա դեմոկրատների միությունը, Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատների կուսակցությունը և «կանաչները»:

Գաբրելն իր հերթին խիստ քննադատության էր արժանացրել Էրդողանի մեկնաբանություները՝ Գերամանիայի ժողովրդին կոչ անելով «դիմակայել երկրի պետականությանը սպառնացող միակ միջամտությանը»: Գերմանիայում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են սեպտեմբերի 24-ին:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.