Լոնդոնում անհայտ անձը հարձակվել է ոստիկանների վրա
Լոնդոնում թագավորական նստավայրի՝ Բուքինգհեմյան պալատի մոտակայքում անհայտ անձը դանակով հարձակում է գործել իրավապահ մարմինների վրա, արդյունքում երկու ոստիկան է տուժել. այս մասին տեղեկացրել է լոնդոնյան ոստիկանության մամլո ծառայությունը:
«Տղամարդը ձերբակալվել է ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու և ոստիկանության վրա հարձակվելու կասկածանքով»,- նշվում է հայտարարության մեջ:
Միջադեպը տեղի է ունեցել Մել փողոցում, որը Բուքինգհեմյան պալատը միացնում է Թրաֆալգար հրապարակին: Այս վայրը շատ սիրված է Մեծ Բրիտանիա այցելող զբոսաշրջիկների շրջանում, որտեղ ամռանը միշտ մարդաշատ է լինում: Տեղի ժամանակով 20:35-ին (Երևանի ժամանակով 23:35) ոստիկանները փորձել են ձերբակալել դանակով զինված տղամարդուն: «Ձերբակալման ընթացքում երկու ոստիկան ձեռքի թեթև վնասվածք է ստացել»,- ընդգծել է ոստիկանության ներկայացուցիչը՝ հավելելով, որ նրանց առաջին օգնություն են ցույց տվել հենց դեպքի վայրում:
Նշվում է, որ Բուքինգհեմյան պալատի դիմաց գտնվող Վիկտորյա թագուհու արձանի մոտակայքում մի քանի տասնյակ ոստիկանական մեքենաներ կան: Տարածքը շրջափակված է ոստիկանների կողմից, որոնք հետաքննություն են անցկացնում: Ավելացվել է նաև հրազենով զինված իրավապահ մարմինների քանակը:
Ներկա պահին դեռևս հայտնի չէ՝ արդյոք կատարվածը ահաբեկչական գործողություն է եղել, և ինչ հանգամանքներում է կասկածյալը հանել դանակը: Հայտնի է միայն, որ կատարվածի արդյունքում ոչ մի քաղաքացի չի տուժել:
Միացյալ Թագավորությունում ահաբեկչության սպառնալիքի աստիճանն այժմ երկրորդ՝ «լուրջ» մակարդակի վրա է: Այս տարվա մարտից Մեծ Բրիտանիան պատուհասած մի շարք ահաբեկչական գործողություններից հետո վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ Միացյալ Թագավորությունը պետք է վերանայի ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարի ռազմավարությունը՝ ոստիկաններին և անվտանության ուժերին տալով բոլոր անհրաժեշտ լիազորությունները: