Տեխասում «Հարվի» փոթորկի պատճառով գրանցվել է 700 բարել նավթի արտահոսք

«Հարվի» փոթորկի հետևանքով ջրհեղեղից տուժած ԱՄՆ-ի Տեխաս նահանգի մի քանի պահոցներում 700 բարել (111,300 լիտր) նավթի արտահոսք է արձանագրվել. այս մասին տեղեկացրել է Associated Press-ը:

Գործակալության տվյալներով՝ ջրհեղեղի արդյունքում Հաուհայմ քաղաքում տապալվել է նավթամթերքի երկու ամբար: Դրանք պատկանում են ConocaPhillips-ի մասը կազմող Burlington Resources նավթագազային ընկերությանը:

Արդյունքում դրանցից մեկից արտահոսել է 385 բարել (ավելի քան 61 հազար լիտր) նավթ, իսկ երկրորդից՝ ավելի քան 310 բարել (մոտ 50 հազար լիտր) հումք: Associated Press-ը նշում է, որ դեռևս հայտնի չէ՝ հաջողվել է հավաքել թափված նավթը, թե ոչ:

Մեքսիկական ծոցում ձևավորված չորրորդ կարգի «Հարվի» փոթորիկը հարվածել է Տեխասին օգոստոսի 26-ի գիշերը: Այն աստիճանաբար նվազել է՝ հասնելով մրրիկի, ապա՝ այսպես կոչված «արևադարձային դեպրեսիայ» աստիճանի: Այժմ այս մթնոլորտային երևույթը հասել է Լուիզիանա նահանգ և շարունակում է շարժվել դեպի մայրցամաքի խորքը:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, իշխանությունները դժվարանում են հայտնել աղետի զոհերի ճշգրիտ թիվը: ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ մինչև այժմ «Հարվի»-ին զոհ է դարձել մոտ 30-40 մարդ:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.