ԵՄ-ն Լոնդոնից պահանջում է մինչև 2023 թ. վճարել Բրյուսելի հաշիվները

Եվրահանձնաժողովը Մեծ Բրիտանիայի կառավարությունից պահանջել է կատարել իր բոլոր պարտավորությունները անգամ կառույցից դուրս գալուց հետո՝ մինչև 2023 թ.: Այս մասին Welt am Sonntag թերթին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է բյուջեի և մարդկային ռեսուրսների հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Օթինգերը:

«Եվրամիությունն ակնկալում է, որ բրիտանացիները կկատարեն իրենց տված խոստումները: Նրանք պետք է մինչև 2020 թ. ամբողջությամբ կատարեն ֆինանսական պարտավորությունները և մինչև 2023 թ. կատարեն ԵՄ-ի վճարումները»,- ասել է նա:

Օթինգերը հավելել է նաև, որ Բրյուսելը Լոնդոնի հետ չի քննարկելու առևտրային և այլ համաձայնություններ, քանի դեռ «հիմնական հարցերը չեն հստակեցվել»: Եվրահանձնակատարը պարզաբանել է, որ խոսքը Բրեքզիթից հետո Եվրամիության նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունների, Մեծ Բրիտանիայում գտնվող ԵՄ-ի քաղաքացիների իրավունքների և թագավորության կազմի մեջ մտնող Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության միջև սահմանների կարգավիճակի մասին է: «Դա պարզից էլ պարզ է: Այս հարցերում խաղերը տեղ չունեն, և մենք անդրդվելի ենք»,- ամփոփել է նա:

Հիշեցնենք, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեն անցկացվել է անցյալ տարվա հունիսին: Քվեարկության արդյունքում՝ հաղթանակ տարան Բրեքզիթի կողմնակիցները՝ 51,9%-ով:

Հիշեցնենք, որ բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է օգոստոսի 28-ին և տևել է չորս օր: Այս փուլով ավարտվել է դուրս գալու պայմաններին վերաբերող առաջին էտապը: Բանակցությունների երրորդ փուլը կսկսվի հոկտեմբերին, որի ընթացքում բրիտանական կողմը հույս ունի դուրս գալ Բրեքզիթի խնդիրների շրջանակներից և սկսել քննարկել Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի միջև ազատ առևտրի պայմանները:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.