RT-ի գլխավոր խմբագիրը հայտարարել է ԱՄՆ-ում գործունեության հնարավոր դադարեցման մասին
Հավանականություն կա, որ Russia Today հեռուստաալիքը կդադարեցնի գործունեությունն ԱՄՆ-ում ընկերության վրա ամերիկյան իշխանությունների ճնշումների պատճառով։ Այս մասին НТВ հեռուստանկեության եթերում հայտարարել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
«Իրադարձությունների վատագույն զարգացման դեպքում մենք կլքենք ԱՄՆ-ը՝ դադարեցնելով մեր գործունեություն այդ երկրում։ Այդ պարագայում Ռուսաստանը նույն կերպ կվարվի ամերիկյան լրատվամիջոցների հետ, ինչը ես չէի ցանկանա, քանի որ ինքս լրագրող եմ», - ասել է Սիմոնյանը՝ հավելելով, որ հեռուստաալիքի փակման դեպքում իրենք կկիրառեն ամերիկյան հասարակության հետ շփվելու մյուս բոլոր մեթոդները։
«ԱՄՆ-ի իշխանությունները մեր առաջ այնպիսի պայմաններ են դնում, որոնց դեպքում մենք չենք կարող աշխատել։ Ահա խոսքի ազատությունը։ Ինչու՞ են նրանք դա անում։ Քանի որ մենք ներկայացնում ենք այլ տեսակետ և այդպիսով ազդում ենք ընտրությունների արդյունքների վրա», - շարունակում է Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը կարգադրել էր RT America ընկերությանը գրանցվել որպես օտարերկրյա գործակալություն։ Նախագծի համաձայն՝ արդարադատության նախարարությունը լրացուցիչ լիազորություններ է ստանում ՝ իրավունք ունենալով դատական կարգով հետապնդել այն կազմակերպություններին, որոնք «ապօրինի կերպով փորձում են ազդեցություն ունենալ ամերիկյան քաղաքական գործընթացների վրա»։