Լաս Վեգասում զանգվածային սպանդ իրականացրած անձը նախօրոք հաշվարկել է, թե քանի մետր բարձրությունից և ինչ ուղղությամբ պետք է կրակեր

Լաս Վեգասում զանգվածային սպանդ իրականացրած Սթիվեն Պեդոկի հանգրվանած հյուրանոցի համարում իրավապահները գտել են մի գրառում, որտեղ նշված է, թե նա ինչպես էր պետք նշան բռնել, որպեսզի հնարավոր լիներ ավելի շատ մարդ սպանել։ Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը։

Հյուրանոցի նշված սեյնակը խուզարկած ոստիկանները հեռուստաալիքի ուղիղ եթերում ներկայացրել են գործի որոշ մանրամասներ։ Սպաներից մեկի խոսքով՝ առաջինն ինքն է նկատել արյունոտ թղթի կտորը, որը դրված է եղել պատշգամբի կոտրված ապակու կողքի փոքրիկ պահարանի վրա։

«Ես տեսա, որ թղթի վրա գրված էր այն բարձրությունը, որտեղից կրակել է Պեդոկը։ Նա նշել և հաշվարկել է, թե ինչպես նշան բռնի, որպեսզի կարողանա հնարավորինս շատ մարդ սպանել», - ասել է ոստիկանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Լաս Վեգասի հայնտի Mandalay Bay hotel հյուրանոցային համալիրի պատշգամբից զինված անձն անկանոն կրակ էր բացել country-music երաժշտական փառատոնի մասնակիցների ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով զոհվել էր 59 մարդ, մարմնական վնասվածքներ են ստացել՝ ավելի քան 500-ը։

Ոստիկանությունը փակել էր մոտակա փողոցները, իսկ Լաս Վեգասի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել էր թռիչքները։ Կրակոցներ արձակողը տեղի բնակիչ 64-ամյա ոմն Սթիվեն Փեդոքն էր, որը վնասազերծման ժամանակ ինքնասպան էր եղել։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.