Ժնևում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ
Հոկտեմբերի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը։
Հանդիպմանը մասկանցել են նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Հանդիպումից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը:
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի առաջմղման հնարավորությունները: Բանակցությունների արդյունքում նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու և հավելյալ քայլեր կատարելու շփման գծում լարվածությունը նվազեցնելու նպատակով:
«Մի քանի րոպե առաջ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումն ավարտվեց. որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք: Տա Աստված, որ միշտ այդպես կարծի: Նա էլ շատ լավ է հասկանում խնդրի բարդությունը, բնականաբար, ես էլ, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինելու: Սակայն մի հարցում էլ ուզում եմ, որ բոլորդ վստահ լինեք` մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: Երբեք որևէ հայ ղեկավար չի կարող ընդունել այդպիսի որոշում և իրականացնել, և դրա համար մենք ամեն ինչ անելու ենք՝ զուգահեռ զարգացնելով Հայաստանը, տնտեսապես ամրապնդելով մեր երկիրը», - շվեյցարահայ համայնքի հետ հանդիպման, ներկայացնելով բանակցությունների արդյունքները, ասել է նախագահ Սարգսյանը։