Ուկրաինայի Գերագույն ռադայի մոտ կենտրոնացել է մի քանի հազար ոստիկան

Կիևի կենտրոնում հոտեմբերի 17-ն սկսված բողոքի ակցիան հարուցել է իշխանությունների անհանգստությունը, և նրանք մոտ 3000 ոստիկան են կենտրոնացրել այնտեղ։ Ուկրաինայի ներքին գործերի նախարարության աշխատակցի հավաստմամբ՝ ոստիկանների թիվը կարող է փոխվել կախված իրավիճակից։

Ազգային ոստիկանության Կիևի կենտրոնական վարչության ղեկավար Անդրեյ Կրիշենկոն նշում է, որ իրավապահներն ստուգելու են բողոքի ակցիայի մասնակիցների փաստաթղթերը, ինչպես նաև անցկացնելու են խուզարկություններ մետաղական դետեկտորների միջոցով։

Ոստիկանությունը բարձրախոսների միջոցով հավաքվածներին զգուշացրել է վարչական և քրեական պատասխանատվությունների մասին, եթե նրանք որևէ հակաօրինական գործողություն կատարեն։ Բարձրախոսներն աշխատում են անընդհատ, իսկ ակցիայի մասնակիցները պահանջում են անջատել դրանք՝ նշելով, որ հենց դա կարող է սադրել իրենց գնալ հակաօրինական քայլերի։ Ոստիկանությունը հրաժարվել է անջատել բարձրախոսները։

Հիշեցնենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել են Գերագույն Ռադայի շենքի մոտ և պահանջում են կատարել մի շարք բարեփոխումներ, այդ թվում՝ վերացնել պատգամավորական անձեռնմխելիությունը, փոփոխություններ կատարել ընտրական օրենսգրքում, ստեղծել հակակոռուպցիոն դատարան և այլն։ Ակցիան կազմակերպել են միանգամից մի քանի քաղաքական ուժ։ Երեկ գիշերը բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ակցիայի մասնակիցների միջև։ Վերջիներս նշում են, որ չեն հեռանա մինչև իրենց պահանջները չբավարարվեն։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.