Պորոշենկոն հրաժարվել է հանդիպել բողոքի ակցիայի մասնակիցների հետ

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հրաժարվել է հանդիպել Գերագույն Ռադայի շենքի մոտ հավաքված բողոքի ակցիայի մասնակիցների հետ վերջիններիս պատվիրակության կազմի պատճառով։ Այս մասին հայտնում է «Ուկրինֆորմ»-ը՝ մեջբերելով «Պետրո Պորոշենկոյի դաշինք» կուսակցության նախագահ Արթուր Գերասիմովի հայտարարությունը։

Նրա խոսքով՝ հանդիպման համար նախագահին խնդրել էր իրենց կուսակցության անդամ Մուստաֆա Նայոմը։ Պորոշենկոն սկզբում համաձայն էր հանդիպել, սակայն հետո մերժել է, քանի որ հանդիպմանը պատրաստվում էին մասնակցել նաև պատգամավորներ Սերգեյ Լևչենկոն և Սվետլանա Սալիշուկը։ «Կարծում եմ, որ անընդունելի է, երբ ապօրինի կերպով սահմանը խախտած մարդիկ ուզում են ներխուժել պետական կառույցի շենք», - ասել է Գերասիմովը։

Պատգամավոր Նայոմն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Նախագահը որոշել է հանդիպել մեր խմբի մի մասի հետ (բացի Սալիշուկից և Լևչենկոյից), ինչը մեզ համար անընդունելի է»։

Հիշեցնենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել են Գերագույն Ռադայի շենքի մոտ և պահանջում են կատարել մի շարք բարեփոխումներ, այդ թվում՝ վերացնել պատգամավորական անձեռնմխելիությունը, փոփոխություններ կատարել ընտրական օրենսգրքում, ստեղծել հակակոռուպցիոն դատարան և այլն։ Ակցիան կազմակերպել են միանգամից մի քանի քաղաքական ուժ, այդ թվում՝ Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլիի ղեկավարած «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը։ Նախօրեին բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ակցիայի մասնակիցների միջև։ Վերջիներս նշում են, որ չեն հեռանա մինչև իրենց պահանջները չբավարարվեն։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.