Չեխիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Չեխիայում մենարկել են խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները։ Այստեղ այն անցկացվում է երկու օրով՝ հոկտեմբերի 20-ին և 21-ին։ Առաջին օրն ընտրատեղամասերը բաց կլինեն ժամը 14:00-ից մինչև 22:00, իսկ հաջորդ օրը՝ 08:00-ից 14:00։

Խորհրդարանի ստորին պալատի ընտրություններին մասնակցում է 31 քաղաքական կուսակցություն և շարժում, ինչը ռեկորդային է այս պետության համար։ Պատգամավորական 200 տեղի համար կպայքարեն մոտ 7,5 հազար թեկնածուներ, որոնց 28%-ը կին է։

Ընտրությունների հաղթողի անվիճելի հավակնորդ է համարվում 2011 թ․ ստեղծված կենտրոնամետ ANO (Akce nespokojených občanů․ թարգմանաբար նշանակում է «դժգոհ քաղաքացիների շարժում», - խմբ․) կուսակցությունը, որի նախագահը միլիարդատեր Անդրեյ Բաբիշն է։ Վերջին սոցհարցումները ցույց են տալիս, որ ANO-ի օգտին կքվեարկի ընտրողների 30%-ը։ Այս ցուցանիշը գրեթե երկու անգամ գերազանցում է հակառակորդներ կոմունիստական և սոցիալ-դեմոկրատական կուսակցություններին։

Անձամբ Բաբիշը չի թաքցնում վարչապետ դառնալու իր ձգտումները։ Նրան կարող է խանգարել միայն արդարադատության համակարգը։ Սեպտեմբերի սկզբից ANO-ի ղեկավարի նկատմամբ հետաքննություն է ընթանում։ Նա կասկածվում է իր ընկերություններից մեկի օգտին Եվրամիությունից խարդախությամբ մոտ 2,3 միլիոն դոլարի սուբսիդիա ստանալու մեջ։

Բաբիշը պնդում է, որ իր դեմ առաջադրված մեղադրանքների հետևում կանգնած են իր քաղաքական հակառակորդները։

Չեխիայի կոմունիստական կուսակցությունը հավակնում է դառնալ երկրորդ ամենաշատ ձայն հավաքած քաղաքական ուժն այս ընտրություններում։ Անցկացված սոցհարցումների համաձայն՝ այս կուսակցության օգտին կքվեարկեն ընտրողների մոտ 14%-ը, որոնց մեծ մասը՝ գյուղերի բնակիչներ և տարեցներ։ Այս կուսակցությունն առաջարկում է դուրս գալ ՆԱՏՕ-ի և Եվրոպական Միության կազմից։ Սա նշանակում է, որ բացառվում է այս կուսակցության համագործակցությունը որևէ այլ քաղաքական ուժի հետ, այդ թվում՝ սոցիալ-դեմոկրատների։

Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը հաղթել էր չորս տարի առաջ կայացած ընտրություններում, բավականին զիջել է դիրքերը։ Նրանք չեն կարողանում ոչ մի նոր բան առաջարկել ընտրողներին։ Օրերս կուսակցության առաջնորդները՝ վարչապետը, արտաքին գործերի նախարարը, ներքին գործերի նախարարը և այլ պաշտոնյաներ, երթի էին դուրս եկել Պրահայի կենտրոնում՝ ձեռքներին «Յուրաքանչյուր քաղաքացուն արժանի աշխատավարձ» գրություններով պաստառներ։ Սա քաղաքացիների մոտ հարց է առաջացրել․ որտե՞ղ էին նրանք վերջին չորս տարիներին և ինչու՞ չէին ապահովում այդ «արժանի աշխատավարձը»՝ ունենալով դրա համար բոլոր լծակները։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.