Կատալոնիան կա և կլինի Իսպանիայի անբաժան մասը․ Իսպանիայի թագավոր

Կատալոնիան Իսպանիայի կարևոր մասն է և այդպիսին կմնա նաև ապագայում։ Այս մասին հատարարել է Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը․ հայտնում է Television Espanola հեռուստաալիքը։

«Իսպանիան պետք է հակազդի պետության որևէ երկրամասի առանձնացման անընդունելի փորձերին։ Կատալոնիան կա և կլինի 21-րդ դարի Իսպանիայի անբաժան մասը» - ասել է թագավորը։

Նա վստահություն է հայտնել, որ Մադրիդը կկարողանա հարթել ստեղծված իրավիճակը՝ «հարգելով երկրի սահմանադրությունը, ժողովրդավարական ինստիտուտները, արժեքները և խորհրդարանական ժողովրդավարության սկզբունքները»։

«Մենք միասին կիսել ենք ձեռքբերումները և անհաջողությունները, հաղթանակները և պարտությունները, որոնք մեզ միավորել են ուրախության և տխրության պահերին», - շարունակել է Իսպանիայի թագավորը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացվել է անկախության հանրաքվե, որը չի ընդունում պաշտոնական Մադրիդը։ Ընտրելու իրավունք ունեցող 5,3 միլիոն քաղաքացիներից հանրաքվեին մասնակցել է 2,2 միլիոնը, որի ավելի քան 90%-ը կողմ է քվեարկել անկախությանը։ Կատալոնիայի կառավարության ղեկավար Կարլոս Պուչդեմոնը հայտարարել է, որ Բարսելոնայի և Մադրիդի միջև առկա տարաձայնությունը հաթելու համար անհրաժեշտ է երրորդ ուժի միջնորդություն։

Օրեր  առաջ էլ Կատալոնիայի ղեկավար Կարլոս Պուչդեմոնը նամակ էր ուղարկել Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյին՝ սպառնալով, որ ինքնավարության խորհրդարանում քվեարկության կդնի անկախության հարցը, եթե Մադրիդը չգնա երկխոսության։ Ի պատասխան՝ Մադրիդը հայտարարել էր, որ պատրաստվում է Սահմանադրությամբ սահմանված կարգով սահմանափակել Կատալոնիայի ինքնավարությունը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.