Ադրբեջանի զինված ուժերի հերթական հարձակումը․ կիրառվել է հակատանկային հրթիռ (տեսանյութ)

Երեկ՝ հոկտեմբերի 22-ին Ադրբեջանի զինված ուժերը հերթական հարձակումն են իրականացրել Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ։ Այս անգամ  հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառվել է հրետանային զինատեսակներ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության պատպանության նախարարությունը։

«Ադրբեջանի զինված ուժերը խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով  ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ: Կատարվածը փաստում է, որ, ինչպես միշտ, Բաքուն ոչ միայն հակված չէ ձեռքբերված պայմանավորվածությունը նպատակաուղղել հակամարտության խաղաղ կարգավորմանն ու չարդարացված կորուստների բացառմանը, այլև հակառակը՝ կանխամտածված սադրանքների միջոցով գնում է իրադրության ապակայունացմանը», - ասվում է Արցախի պաշտպանության նախարարության մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ  Արցախի զինված ուժերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից՝ հաշվի առնելով միջազգային հանրության և, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ադրբեջանա-արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.