ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերով հանձնաժողովի նախագահը հեռացրել է իր թվիթերյան հաշիվը

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Կոնստանին Կոսաչևը հեռացրել է իր թվիթերյան հաշիվը RT և Sputnik գործակալությունների նկատմամբ ցանցի որոշումից հետո։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն։

Ավելի վաղ Twitter-ը հայտնել էր, որ, պայմանավորված ամերիկյան նախագահական ընտրություններին ռուսական միջամտության գործի հետաքննությամբ, որոշվել է արգելափակել այն հաշիվների գովազդները, որոնք պատկանում են RT և Sputnik գործակալություններին։ RT-ի հետ զրույցում Կոսաչևը հայտարարել է, որ Twitter-ի իր հաշիվը հեռացրել է որպես համերաշխության նշան այս գործակալություններին։

Սեպտեմբերին Twitter-ի ներկայացուցիչները մասնակցել են ԱՄՆ Սենատի փակ լսումներին, որի ժամանակ քննարկվել է ռուսական այս գործակալությունների՝ «ամերիկյան նախագահական ընտրություններին միջամտելու» հարցը։ Twitter-ի հավաստմամբ՝ 2016 թվականին այս գործակալությունները 274 հազար դոլար են ծախսել գովազդների վրա։

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն այս առիթով հույս է հայտնել, որ պատասխան քայլեր կկիրառվեն Ռուսաստանում գործող ամերիկյան ԶԼՄ-ների նկատմամբ։

Հետաքննությունների դաշնային բյուրոն և Կոնգրեսը հետաքննություն են իրականացնում ամերիկյան նախագահական ընտրությունների «ռուսական միջամտության» և Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հետ կապեր ունենալու գործով, ինչը, ինչպես նշում է Ռիա Նովոստի-ն, հերքում են թե Կրեմլում, թե Սպիտակ տանը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.