Կատալոնիայում պաշտոնապես ազդարարել են անկախության գործընթացի մեկնարկը

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Կատալոնիայի խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ հավանության է արժանացրել Իսպանիայից անկախանալու մասին բանաձևը։ Քվեարկության արդյունքները հրապարակել է խորհրդարանի նախագահ Կարմե Ֆորկադելը․ փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Բանաձևն ընդունվել է», - հայտարարել է խորհրդարանի խոսնակը՝ մանրամասնելով, որ կողմ է քվեարկել 70, իսկ դեմ՝ 10 պատգամավոր։ Եվս երկու պատգամավոր դատարկ է թողել քվեաթերթիկը։

Անկախության մասին հայտարարելուց հետո Կատալոիայի վարչապետ Կարլոս Պուչդեմոնը և խորհրդարանի պագամավորները հնչեցրել են Կատալոնիայի հիմնը և հեռացել նիստերի դահլիճից։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Կատալոնիան «անկախ հանրապետություն» հռչակելուն պետք է հաջորդի արդեն նոր պետության կառավարության ձևավորման գործընթացը։

Կատալոնիայի խորհրդարանն ունի 135 պատգամավոր։ Նշվում է, որ քվեարկությունից առաջ ընդդիմադիր պատգամավորներն ի նշան բողոքի լքել են դահլիճը, քանի որ քվեարկությունը համարում են հակաօրինական։

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ Կատալոնիայում անպայման կվերականգնվի օրինականությունը։ Թվիթերյան գրառման միջոցով նա իսպանացիներին հանգստության կոչ է արել։ Իսպանիայի սենատն արդեն միջոցներ է ձեռնարկել, որպեսզի սահմանափակի շրջանի ինքնակառավարումը։

Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը նվազել է՝ հասնելով 1,159-ի, ինչը հուլիսի 20-ից ի վեր նվազագույն ցուցսնիշն է։ Միաժամանակ Իսպանիայի ֆոնդային գործակիցը նվազել է 2%-ով՝ գրանցելով 10139.8 արդյունք։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացվել է անկախության հանրաքվե, որը չի ընդունում պաշտոնական Մադրիդը։ Ընտրելու իրավունք ունեցող 5,3 միլիոն քաղաքացիներից հանրաքվեին մասնակցել է 2,2 միլիոնը, որի ավելի քան 90%-ը կողմ է քվեարկել անկախությանը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.