Իսպանիայի վարչապետը լուծարել է Կատալոնիայի խորհրդարանը

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը լուծարել է Կատալոնիայի խորհրդարանը և նոր ընտրություններ նշանակել դեկտեմբերի 21-ին։ Այս մասին Ռախոյը հայտարարել է նախարարների խորհրդի արտահերթ նիստի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ընթացքում․ հայտնում է ՏԱՍՍ-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նա հայտարարել է, որ լուծարում է կատալոնական խորհրդարանը՝ աշխատանքից հեռացնելով ինքնավարության վարչապետ Կարլոս Պուչդեմոնին, ինչպես նաև ոստիկանության պետին։

Ռախոյը նշել է, որ խոսքը ոչ թե «ինքնավարության վերացման մասին է, այլ դրա գործելակերպի շուտափույթ վերականգնման, ինչը նախատեսված է օրենքով»։

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Կատալոնիայի խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ հավանության է արժանացրել Իսպանիայից անկախանալու մասին բանաձևը։

Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը նվազել է՝ հասնելով 1,159-ի, ինչը հուլիսի 20-ից ի վեր նվազագույն ցուցսնիշն է։ Միաժամանակ Իսպանիայի ֆոնդային գործակիցը նվազել է 2%-ով՝ գրանցելով 10139.8 արդյունք։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացվել է անկախության հանրաքվե, որը չի ընդունում պաշտոնական Մադրիդը։ Ընտրելու իրավունք ունեցող 5,3 միլիոն քաղաքացիներից հանրաքվեին մասնակցել է 2,2 միլիոնը, որի ավելի քան 90%-ը կողմ է քվեարկել անկախությանը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.