Կատալոնիայի ղեկավարի լիազորությունները փոխանցվել է Իսպանիայի փոխվարչապետին

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը Կարլոս Պուչդեմոնին զրկել է Կատալոնիայի վարչապետի լիազորություններից և դրանք փոխանցել իր առաջին տեղակալ Սորայա Սաենս դե Սանտամարիային։ Այս մասին ասվում է Իսպանիայի կառավարության պաշտոնական լրագրում։

Բացի այդ, Իսպանիայի նախարարների խորհուրդն իր վրա է վերցրել Կատալոնիայի կառավարության խորհրդի պատրավորությունները։

Vanguardia թերթի փոխանցմամբ՝ պաշտոնական հրապարակումից հետո Պուչդեմոնի պաշտոնանկությունն օրենքի ուժ է ստացել։ Նրա հրաժարական չտալը կդիտվի որպես իշխանության յուրացման փորձ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին, Կատալոնիայի խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ հավանության է արժանացրել Իսպանիայից անկախանալու մասին բանաձևը։ Ավելի ուշ Իսպանիայի Սենատը հավանության է արժանացրել սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառումը։

Իսպանիայի վարչապետը նաև հայտարարել է Կատալոնիայի խորհրդարանի լուծարման, ինչպես նաև ինքնավարության ղեկավար Կարլոս Պուչդեմոնին և ոստիկանության պետին աշխատանքից ազատելու մասին։ Մարիանո Ռախոյը Կատալոնիայի խորհրդարանի նոր ընտրություններ է նշանակել դեկտեմբերի 21-ին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացվել է անկախության հանրաքվե, որը չի ընդունում պաշտոնական Մադրիդը։ Ընտրելու իրավունք ունեցող 5,3 միլիոն քաղաքացիներից հանրաքվեին մասնակցել է 2,2 միլիոնը, որի ավելի քան 90%-ը կողմ է քվեարկել անկախությանը։

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.