Կատալոնացիների միայն 1/3-ն է կողմ անկախությանը․ El Pais

Կատալոնիայի բնակչության միայն 29%-ն է կողմ հանդես գալիս ինքնավարության անկախությանը։ Այս մասին հայտնում է El Pais թերթը՝ հղում կատարելով իսպանական Metroscopia ընկերության անցկացրած սոցհարցմանը։

Հետազոտության համաձայն՝ հարցվածների 46%-ը ցանկանում է, որ Կատալոնիան մնա Իսպանիայի կազմում՝ ստանալով նոր երաշխավորված իրավունքներ։ 19%-ը կարծում է, որ շրջանը պետք է մնա թագավորության կազմում առանց լրացուցիչ նախապատվությունների։ Հարցվածների միայն 29%-ն է նշել, որ Կատալոնիան պետք է դուրս գա Իսպանիայի կազմից։ Մնացած 6%-ի համար Կատալոնիայի ճակատագիրը կարևոր չէ։ Սոցհարցմանը մասնակցել է 500 մարդ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին, Կատալոնիայի խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ հավանության է արժանացրել Իսպանիայից անկախանալու մասին բանաձևը։ Ավելի ուշ Իսպանիայի Սենատը հավանության է արժանացրել սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառումը։

Իսպանիայի վարչապետը նաև հայտարարել է Կատալոնիայի խորհրդարանի լուծարման, ինչպես նաև ինքնավարության ղեկավար Կարլոս Պուչդեմոնին և ոստիկանության պետին աշխատանքից ազատելու մասին։ Մարիանո Ռախոյը Կատալոնիայի խորհրդարանի նոր ընտրություններ է նշանակել դեկտեմբերի 21-ին։

Այսօր հայտնի է դարձել նաև, որ Իսպանիայի վարչապետը Կատալոնիայի ղեկավարի պաշտոնին նշանակել է իր առաջին տեղակալ Սորայա Սաենս դե Սանտամարիային, իսկ Իսպանիայի նախարարների խորհուրդն իր վրա է վերցրել Կատալոնիայի կառավարության խորհրդի պատրավորությունները։

Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացվել է անկախության հանրաքվե, որը չի ընդունում պաշտոնական Մադրիդը։ Ընտրելու իրավունք ունեցող 5,3 միլիոն քաղաքացիներից հանրաքվեին մասնակցել է 2,2 միլիոնը, որի ավելի քան 90%-ը կողմ է քվեարկել անկախությանը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.