Հրաժարական է տվել ԵՄ-ում Կատալոնիայի մշտական ներկայացուցիչը

ԵՄ-ում Կատալոնիայի մշտական ներկայացուցիչ Ամադեու Ալթաֆաժը հրաժարական է ներկայացրել, երբ Մադրիդը որոշել է փակել Բրյուսելում Կատալոնիայի ներկայացուցչությունը։ Հրաժարականի մասին պաշտոնական հայտարարությամբ դիվանագետը հանդես է եկել բաց նամակով, որը հրապարակել է կատալոնական Ara թերթը։

«Նախորդ ուրբաթ իսպանական կառավարության ձեռնարկած միջոցառումների շրջանակում ես հրաժարական տվեցի Եվրոպական Միությունում Կատալոնիայի մշտական ներկայացուցչի պաշտոնից», - գրել է Ալթաֆաժը։

Նա խոստովանել է, որ դա իր համար «տխուր պահ էր»։ Դիվանագետի խոսքով՝ Եվրամիությունը բավարար ակտիվություն չի ցուցաբերում կատալոնական ճգնաժամի ընթացքում։

«Եվրոպան պետք է մշտապես նպաստի լուծումների որոնմանը և երկխոսության հաստատմանը», - կարծում է Ալթաֆաժը։

Հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանի՝ անկախության հռչակումից հետո Իսպանիայի Սենատը հավանության է արժանացրել սահմանադրության 155-րդ հոդվածը կիրառելու մասին կառավարության դիմումը։ Այս հոդվածը թույլ է տալիս սահմանափակել Կատալոնիայի ինքնավարությունը։

Ավելի ուշ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է Կատալոնիայի խորհրդարանի լուծարման, ինչպես նաև ինքնավարության ղեկավար Կարլոս Պուչդեմոնին և ոստիկանության պետին աշխատանքից ազատելու մասին։ Ռախոյը Կատալոնիայի խորհրդարանի նոր ընտրություններ է նշանակել դեկտեմբերի 21-ին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.