Իսպանիայում ցանկանում են հետախուզում հայտարարել Պուչդեմոնի նկատմամբ

Իսպանիայի ազգային դատական պալատի ղեկավարը պահանջել է միջազգային հետախուզում հայտարարել Կատալոնիայի նախկին ղեկակար Կարլոս Պուչդեմոնի և լուծարված կառավարության անդամներից ևս չորսի նկատմամբ։ Այս մասին գրում է El Pais թերթը։

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, կատալոնական կառավարության որոշ անդամներ ցուցմունք են տվել Իսպանիայի ազգային դատական պալատում, որը գտնվում է Մադրիդում։ Կատալոնիայի նախկին կառավարության՝ Մադրիդ կանչված 14 անդամներից դատական պալատ է ներկայացել ընդամենը 9-ը, որոնց թվում նաև Ժեներալիտետի նախկին ղեկավարի տեղակալ Օրիոլ Ժունկերեսը։ Չեն ներկայացել միայն Պուչդեմոնը և նրա կաբինետի ևս չորս անդամներ։ Նրանք մնացել են Բրյուսելում։

Վերոնշյալ չորս անդամներից երկուսը Ազգային դատական պալատին խնդրել են ցուցմունք տալ տեսակապով։

Գործի հետ առնչություն ունեցող իրավաբանները նշում են, որ Բելգիան ստիպված կլինի արտահանձնել Պուչդեմոնին, եթե Մադրիդը հետախուզում հայտարարի վերջինիս նկատմամբ։ Կատալոնիայի նախկին ղեկավարն անձամբ հայտարարել է, որ չի պատրաստվում քաղաքական ապաստան խնդրել Բելգիայից։

Հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանի՝ անկախության հռչակումից հետո Իսպանիայի Սենատը հավանության է արժանացրել սահմանադրության 155-րդ հոդվածը կիրառելու մասին կառավարության դիմումը։ Այս հոդվածը թույլ է տալիս սահմանափակել Կատալոնիայի ինքնավարությունը։

Ավելի ուշ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է Կատալոնիայի խորհրդարանի լուծարման, ինչպես նաև ինքնավարության ղեկավար Կարլոս Պուչդեմոնին և ոստիկանության պետին աշխատանքից ազատելու մասին։ Ռախոյը Կատալոնիայի խորհրդարանի նոր ընտրություններ է նշանակել դեկտեմբերի 21-ին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացվել է անկախության հանրաքվե, որը չի ընդունում պաշտոնական Մադրիդը։ Ընտրելու իրավունք ունեցող 5,3 միլիոն քաղաքացիներից հանրաքվեին մասնակցել է 2,2 միլիոնը, որի ավելի քան 90%-ը կողմ է քվեարկել անկախությանը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.