Նախագահի պաշտոնում Մակրոնի գործունեությունը դրական է գնահատում ֆրանսիացիների ընդամենը 38%-ը․ Le Figaro

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նկատմամբ երկրում վստահության մակարդակը վերջին հինգ ամիսների ընթացքում նվազել է 19 տոկոսային կետով։ Այս մասին են վկայում Le Figaro շաբաթաթերթի պատվերով Kantar Sofres և OnePoint ընկերությունների անցկացրած սոցհարցման արդյունքները։

Այսպես՝ 2017 թ․ հունիսին Մակրոնի գործունեությունը դրական էր գնահատում ֆրանսիացիների 57%-ը։ Այս պահին այդ ցուցանիշը նվազել է՝ հասնելով 38%-ի։

Նույն սոցհարցման արդյունքները ցույց են տվել, որ բացի Մակրոնից նվազել է նաև վարչապետ Էդուար Ֆիլիպի վարկանիշը։ Վերջին հինգ ամիսների ընթացքում այն նվազել է 13 տոկոսային կետով՝ 49%-ից հասնելով 36% -ի։

Ուսումնասիրությունն անցկացվել է հոկտեմբերի 25-ից 28-ը։ Հարցմանը մասնակցել է մոտ հազար քաղաքացի։

Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի 25-րդ և ամենաերիտասարդ նախագահն է։ Այս տարվա մայիսի 7-ին անցկացված ընտրություններին նա կարողացավ ավելի շատ ձայն հավաքել իր սկզբունքային մրցակից Մարին Լե Պենից։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.