ՀՀ արտաքին գործերի նախարարը հանդիպում է ունեցել Իսրայելի վարչապետի հետ (տեսանյութ)

Նոյեմբերի 7-ին պաշտոնական այցով Իսրայելում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Իսրայելի վարչապետ և արտաքին գործերի նախարար Բենիամին Նեթանյահուի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպումը մեկնարկել է պատվիրակությունների ներկայությամբ, այնուհետև նախարարներն առանձնազույց են ունեցել։

Իսրայելի վարչապետը կարևորել է ՀՀ ԱԳ նախարարի այցը՝ նշելով, որ իրենք պատրաստակամ են ընդլայնել Հայաստանի հետ հարաբերությունները։

Շնորհակալություն հայտնելով այցելության հրավերի և ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ վերջին շրջանում հայ-իսրայելական շփումներում նկատվում է ակտիվացում և համոզունք է հայտնել, որ հիմնվելով երկու ժողովուրդների բարեկամական պատմական հարուստ ավանդույթների վրա, համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Իսրայելի հարաբերությունները նոր լիցք կստանան։

Հանդիպմանը հանգամանալից քննարկում է տեղի ունեցել հայ-իսրայելական երկկողմ օրակարգի հարցերի, միջազգային կառույցներում համագործակցության շուրջ։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրներին, մերձավորարևելյան զարգացումներին:

Իսրայելի վարչապետը և Հայաստանի ԱԳ նախարարը անդրադարձել են նաև Երուսաղեմում հայկական հարուստ պատմամշակութային ժառանգությանը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.