Իսպանիայի Գերագույն դատարանը կալանավորել է Կատալոնիայի խորհրդարանի խոսնակին

Իսպանիայի Գերագույն դատարանը որոշել է մինչև անկախության հռչակման գործով հետաքննության ավարտը կալանավորել Կատալոնիայի խորհրդարանի խոսնակ Կարմա Ֆորկադելին՝ 150  հազար եվրո գրավի դիմաց ազատ արձակվելու իրավունքով։ Այս մասին ասվում է դատական հրամանագրում։

Նշվում է, որ խորհրդարանի նախկին անդամներ Լուիս Կորոմինասը, Լուիս Գինոն, Աննա Սիմոն, Ռամոնա Բարուֆետը պետք է 25 հազար եվրո տուգանք վճարեն, «քանի դեռ ազատության մեջ են»։ Գրավը վճարելու դեպքում նրանք պետք է ամեն շաբաթ ներկայանան դատարան։ Նրանք նաև չեն կարող նաև լքել երկիրը, քանի որ անձնագրերը պետք է հանձնեն պետությանը։

Հիշեցնենք, որ Իսպանիայի դատախազությունը մեղադրանք էր առաջադրել կատալոնացի վեց քաղաքական գործիչների նկատմամբ ապստամբության կազմակերպման և պետական միջոցների յուրացման հատկանիշներով։ Այս հանցագործությունների համար նախատեսվում է մինչև 48 տարվա ազատազրկում։

Հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանի՝ անկախության հռչակումից հետո Իսպանիայի Սենատը հավանության է արժանացրել սահմանադրության 155-րդ հոդվածը կիրառելու մասին կառավարության դիմումը։ Այս հոդվածը թույլ է տալիս սահմանափակել Կատալոնիայի ինքնավարությունը։

Ավելի ուշ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է Կատալոնիայի խորհրդարանի լուծարման, ինչպես նաև ինքնավարության ղեկավար Կարլոս Պուչդեմոնին և ոստիկանության պետին աշխատանքից ազատելու մասին։ Ռախոյը Կատալոնիայի խորհրդարանի նոր ընտրություններ է նշանակել դեկտեմբերի 21-ին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.