Սիրիական հակամարտության կարգավորման հարցով բանակցությունները պետք է ընթանան միայն Ժնևում․ Պետքարտուղարություն

ԱՄՆ-ը կարծում է, որ սիրիական հակամարտության կարգավորման հարցով քաղաքական բանակցութունները պետք է ընթանան միայն ժնևյան գործընթացի շրջանակներում։ Այս մասին հայտարարել է պետքարտուղարության ներկայացուցիչը։

«Քաղաքական բանակցությունները պետք է ընթանան Ժնևում՝ համաձայն ժնևյան գործընթացի», - ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի խոսքերը մեջբերում է Ռիա Նովոստի-ն։

Նրա խոսքով՝ Աստանայում ընթացող բանակցությունները մեծ մասամբ վերաբերում են կրակի դադարեցմանը և անվտանգության գոտիներին, սակայն որոշ քաղաքական ասպեկտների, այնուամենայնիվ, անդրադարձ կատարվել է։ Պետքարտուղարության ներկայացուցիչը հիշեցրել է նաև, որ ԱՄՆ-ը Աստանայի գործընթացի մասնակից չէ, սակայն պահպանում է դիտորդի կարգավիճակը։

Անդրադառնալով ժնևյան գործընթացին՝ ամերիկացի դիվանագետը նշել է, որ Վաշինգտոնն այդ հարցում նախապայմաններ չի դնում և գործողությունների լայն հնարավորություն է տալիս ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան Դե Միստուրային։

Սիրիական հակամարտությունն սկսվել է 2011 թվականին։ ՄԱԿ-ի տվյալներով՝ այդ ժամանակվանից մինչև օրս համակարտության զոհ է դարձել շուրջ 220 հազար մարդ։ Հակամարտության կարգավորման հարցով բանակցություններն ընթանում են երկու հարթակներում՝ Ժնևում և Աստանայում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.