Պետքարտուղարությունն զգուշացում է Եվրոպայում ահաբեկչության վտանգի բարձր աստիճանի մասին

ԱՄՆ պետքարտուղարությունն իր քաղաքացիներին զգուշացնում է, որ մեծ է ահաբեչության վտանգը եվրոպական երկրներում, հատկապես՝ առաջիկա տոների շրջանում։ Ինչպես նշվում է արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ, վտանգավորության աստիճանը բարձր կլինի մինչև հաջորդ տարվա հունվարի 31-ը։
«ԱՄՆ-ի քաղաքացիները պետք է զգոն լինեն տոնական փառատոնների կամ այլ միջոցառումների ժամանակ։ Վերջերս Ֆրանսիայում, Ռուսաստանում, Ֆինլանդիայում, Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում և Իսպանիայում տեղի ունեցած դեպքերը խոսում են այն մասին, որ «Իսլամական պետությունը» և «Ալ Քաիդան» պատրաստ են նոր ահաբեկչություններ կազմակերպել Եվրոպայում», - ասվում է Պետքարտուղարության հաղոդագրության մեջ։
Հիշեցվում է նաև, որ ծայրահեղականները հիմնականում նման գործողություններ կատարում են մարդաշատ վայրերում՝ առևտրի կենտրոններում, տրանսպորտային հանգույցներում և այլն։
Պետքարտուղարությունն առաջարկում է նաև իր «Եվրոպայի գործընկերներին ակտիվորեն համագործացել համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարում»։