Լիբանանի նախկին վարչապետը հանդիպում կունենա Էմանուել Մակրոնի հետ․ Reuters

Լիբանանի արդեն նախկին վարչապետ Սաադ Հարիրին այսօր՝ նոյեմբերի 17-ին, կլքի Սաուդյան Արաբիան՝ մեկնելով Ֆրանսիա։ Նրան բանակցությունների է հրավիրել անձամբ նախագահ Էմանուել Մակրոնը։ Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով «Ալ Մութաքբալ» կուսակցությանը, որի անդամ է Հարիրին։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը տեղեկություն էր տարածել, որ Էմանուել Մակրոնը բանակցություններ կանցկացնի Սաադ Հարիրիի հետ նոյեմբերի 18-ին։ Հանդիպումը տեղի կունենա Ելիսեյան պալատում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Սաադ Հարիրին աշխատանքային այցով մեկնել էր Սաուդյան Արաբիա, որտեղ հաջորդ օրը հեռուստատեսությամբ անակնալ կերպով հայտարարել էր իր հրաժարականի մասին՝ նշելով, որ իր կյանքին վտանգ է սպառնում։

Որպես իր հրաժարականի հիմնական պատճառ Հարիրին նշել էր Իրանի միջամտությունը շիական «Հեզբոլլահ» շարժմանը և Լիբանանի ներքին գործերին, որին նա «չի կարողացել հակազդել»։

Ավելի ուշ՝ նոյեմերի 14-ին, արդեն նախկին վարչապետ Հարիրին թվիթերյան գրառման միջոցով հատարարել էր, որ Լիբանան կվերադառնա առաջիկա մի քանի օրվա ընթացքում։

Լիբանանի նախագահ Միշել Աունը պնդում է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները բռնի ուժով իրենց մոտ են պահում Հարիրիին, ինչը, նրա խոսքով, միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։

Սաուդյան Արաբիայում նշում են, որ Հարիրին իրենց երկրում է մնում սեփական ցանկությամբ և կարող է հեռանալ, երբ կամենա։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.