Քրդերին զենքի մատակարարումը դադարեցնելու մասին Թրամփի որոշումն անակնկալ էր Պենտագոնի և Պետքարտուղարության համար․ AP

ԱՄՆ Պետքարտուղարությունը և Պենտագոնը նախօրոք տեղեկացված չեն եղել Դոնալդ Թրամփի՝ Սիրիայի քրդական «ազգային ինքնապաշտպանության ջոկատներ» (YPG) զորամիավորմանը զենքի մատակարարումը դադարեցնելու որոշման մասին։ Այս մասին գրում է Associated Press գործակալությունը։
«Թրամփի որոշումն անակնկալ էր թե Պենտագոնի և թե Պետքարտուղարության համար։ Երկու գերատեսչությունների պաշտոնատար անձինք, որոնք սովորաբար ծանուցում են ԱՄՆ-ի՝ զինամթերքի մատակարարումը դադարեցնելու քաղաքականության փոփոխության մասին, տեղեկացված չեն եղել Թրամփի որոշման մասին», - գրում է AP-ը։
Աղբուրի փոխանցմամբ՝ դեռ պարզ չէ, թե արդյոք ամերիկյան կողմը քրդերին հայտնել է այս որոշման մասին ավելի վաղ, քան Թուրքիայի իշխանություններին տեղեկացնելը։
Նշվում է նաև, որ քրդերին զենքի մատակարարումը դադարեցնելու որոշումը կարող է թուլացնել ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններում առկա լարվածությունը։
Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ հեռախոսազրույցի ընթացքում Թրամփն Էրդողանին խոստացել է դադարեցնել զինամթերքի մատակարարումը Սիրիայի քրդական «ազգային ինքնապաշտպանության ջոկատներ» (YPG) զորամիավորմանը։ Չավուշօղլուի խոսքով՝ Թրամփի այս խոստումը ամբողջովին բավարարել է իրենց։
Վերջին ամիսների ընթացքում Անկարան բազմիցս մեղադրել է Վաշինգտոնին Սիրիայի քրդական զորամիավորումներին զենք մատակարարելու համար։ Թուրքիայի իշխանությունների կարծիքով՝ այդ զենքը կարող է ինչ-որ պահի ուղղվել Թուրքիայի դեմ։ Այս կապակցությամբ նրանք զորքեր և ռազմական տեխնիկա են կենտրոնացրել Սիրիայի հետ սահմանին՝ չբացառելով Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) և «ազգային ինքնապաշտպանության ջոկատներ» (YPG) զորամիավորման դեմ ռազմական գործողությունները։
Հիշեցնենք, որ Անկարան այս ուժերին համարում է ահաբեկչական խմբավորումներ՝ պնդելով, որ նրանք համագործակցում են Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ։