Ամերիկացիները Սիրիայում իրենց ռազմաբազայի շրջակայքում մեկուսացման մեջ են պահում մոտ 50 հազար մարդու․ ՌԴ ՊՆ

Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած խումբը շրջափակել է տարածք, որտեղ մեկուսացվել է, տարբեր հաշվարկներով, ավելի քան 50 հազար մարդ։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

ՊՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ, չնայած ավելի վաղ անցկացված խորհրդատվություններին, ամերիկյան կողմը միջազգային կազմակերպություններին թույլ չի տալիս հումանիտար օգնություն հասցնել փախստականների համար նախատեսված «Էր-Ռուբկան» ճամբար։

«Փակելով 55 կիլոմետր տարածք «Ալ Թանֆ» ռազմաբազայի շուրջը՝ ԱՄՆ-ի գլխավորած խումբը մեկուսացման մեջ է պահում ավելի քան 50 հազար մարդու։ Փախստականների ճամբարում բացակայում է անհրաժեշտ քանակությամբ սնունդ և բուժօգնություն ստանալու հնարավորությունը, երեխաները չեն կարողանում հաճախել դպրոցներ», - ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ համաձայնություն է ձեռք բերվել Հալեպի շրջանի երկու բնակավայրերում կրակը դադարեցնելու վերաբերյալ։ Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը կոչ է անում նաև բացառել ռազմական որևէ գործողություն և լարվածությունը թեթևացնելու նպատակով նոյեմբերի 28-ը և 29-ը հայտարարել լռության օր։

Ավելի վաղ ռուսական կողմը բազմիցս զգուշացրել էր «Էր-Ռուբկան» ճամբարում փախստականների վատ վիճակի մասին՝ նշելով, որ այնտեղ շարունակվում են «թմրանյութերի շրջանառությունը, քարոզչությունը և մարդկանց՝ ահաբեկչական խմբավորումներ ներգրավվելու փորձերը»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.