Հյուսիսկորեական հրթիռները կարող են կրել միջուկային, կենսաբանական և քիմիական մարտագլխիկներ․ Ճապոնիայի պաշտպանության նախարար
Հյուսիսային Կորեայի նոր «Հվասոն-15» հրթիռը կարող է կրել ոչ միայն միջուկային, այլ նաև կենսաբանական և քիմիական մարտագլխիկներ։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերան։
«Մենք կարծում ենք, որ հյուսիսկորեական նոր հրթիռները կարող են կրել ոչ միայն միջուկային, այլ նաև կենսաբանական և քիմիական մարտագլխկներ», - ասել է նախարարը՝ ելույթ ունենալով խորհրդարանում։
Օնոդերան ընդգծել է, որ երկրի պաշտպանական գերատեսչությունը և շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը որոշել են բնակչության շրջանում դասընթացներ կազմակերպել միջուկային, կենսաբանական և քիմիական հնարավոր հարձակումների դեպքում շուտափույթ կողմնորոշվելու համար։
Նոյեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը Հյուսիսային Կորեան անցկացրել է հրթիռային նոր փորձարկում՝ արձակելով «Հվասոն-15» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ։ Թռիչքի բարձրությունը կազմել է 4475 կիլոմետր, իսկ երկարությունը՝ 950 կիլոմետր։ Հրթիռն ընկել է Ճապոնիայի տնտեսական գոտի։
Փհենյանի հավաստմամբ՝ այս հրթիռը կարող է խոցել թիրախներ ԱՄՆ-ի ողջ տարածքում։