Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան ավիահարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաքի հարավային շրջաններին

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան ավիահարված է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայի հարավային շրջաններին։ Այս մասին տեղեկացնում է Al Mayadeen հեռուստաալիքը։

Աղբյուրի համաձայն՝ ռմբակոծության է ենթարկվել Եմենի նախկին նախագահի՝ օրեր առաջ սպանված Ալի Աբդ Ալլահ Սալեհի պալատը, որը գտնվում է հուսի ապստամբների վերահսկողության տակ։ Վնասվել է նաև «Համաժողովրդական կոնգրես» կուսակցության շենքը (Եմենի նախկին նախագահը հենց այս քաղաքական ուժի ղեկավարն էր, - խմբ․)։

Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։

Նոյեմբերի 29-ին Սանայում ընթացել են դաժան մարտեր, ինչի պատճառը Եմենի նախկին նախագահ Ալլահ Սալեհի կողմնակիցների վերահսկողության տակ գտնվող մի շարք կարևոր օբյեկտներ գրավելու հուսիների ցանկությունն էր։ Բախումների հետևանքով զոհվել էր մոտ 250 մարդ։

Դեկտեմբերի 2-ին Սալեհը հայտարարեց հուսիների հետ համագործակցությունը դադարեցնելու մասին, իսկ դրանից երկու օր անց Եմենի նախկին նախագահն սպանվեց ապստամբների կողմից։

Նշենք, որ 2014 թ. օգոստոսից Եմենում շարունակվում է կառավարական ուժերի և հուսիների հակամարտությունը: Այն առավել ակտիվ փուլ է մտել 2015 թ. մարտին, երբ հակամարտությանը միջամտել է Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիան:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.