ԱՄՆ-ում արդարացրել են ձերբակալության ժամանակ անզեն մարդուն գնդակահարած ոստիկանին (տեսանյութ)

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Մեսա քաղաքում դատարանն արդարացրել է ոստիկանին, որը հասարակական կարգը խախտած անզեն մարդուն ձերբակալելու ժամանակ սպանել է վերջինիս։ Ինչպես հայտնում է CBS News-ը, դեպքը տեղի է ունեցել նախորդ տարվա հունվարին Ֆինիքսի արվարձաններից մեկի հյուրանոցում։

Ոստիկան Ֆիլիպ Բրեիլսֆորդի համազգեստին ամրակցված տեսախցիկի նկարահանած տեսանյութում երևում է, թե ինչպես է կասկածյալ Դանիել Շեյվերը ենթարկվում ոստիկանի հրահանգներին։ Դա, սակայն, չի փրկում վերջինիս։   

Ոստիկանը հրամայում է ձեռքերը պարզել վեր, ապա ծնկի գալ և սողալով մոտենալ իրեն։ Շեյվերը հերթականությամբ կատարում է հրահանգները, սակայն երբ փորձում է սողալով մոտենալ ոստիկանին, վերջինս կրակ է բացում և գնդակահարում է անզեն մարդուն։

Դատավարության ժամանակ Ֆիլիպ Բրեիլսֆորդը նշել է, որ Շեյվերը սողալով փորձել է հասնել հատակին եղած զենքին, և ինքը, զգալով վտանգը, կրակել է։ Հետաքննությունը, սակայն, ցույց է տվել, որ այնտեղ զենք չի եղել։

«Այս դատավարությանը հաղթողներ չկան։ Բրեիլսֆորդը պետք է որոշում կայացներ վայրկյանների ընթացում։ Նա սովորել է, որ, եթե կասկածյալը փորձում է մոտենալ զենքին, ապա պետք է անմիջապես արձագանքել։ Նա չի ցանկացել վնասել պարոն Շեյվերին, սակայն հանգամանքներն այնպես են դասավորվել, որ Բրեիլսֆորդը վտանգ է զգացել։ Դա կյանքի և մահվան հարց էր», - իր վճռական ճառում ասել է դատավորը։

Ֆիլիպ Բրեիլսֆորդը երկու տարի ոստիկանությունում ծառայելուց հետո հեռացվել է համակարգից անբավարար վարքի և ոստիկանության բաժանմունքում բռնություն կիրառելու համար։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.