Իսպանիայի վարչապետը խոստացել է երկխոսություն սկսել Կատալոնիայի նոր իշխանությունների հետ

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը պատրաստվում է բանակցություններ սկսել Կատալոնիայի նոր կառավարության հետ, որը պետք է ձևավորվի դեկտեմբերի 21-ին կայանալիք ընտրությունների արդյունքում։ Այս մասին նա հայտարարել է պատգամավորների հետ հանդիպման ժամանակ։

«Հույս ունեմ, որ շուտով ամեն ինչ կկարգավորվի, և մենք կկարողանանք սկսել քաղաքակիրթ երկխոսություն», - հայտարարել է Իսպանիայի վարչապետը։

Նրա խոսքով՝ կատալոնական կառավարության հետ հնարավոր է բանակցություններ վարել միայն համակեցության կանոնների պահպանման պարագայում։ Նա հիշեցրել է, որ ինքնավարության նախորդ կառավարությունը խախտել է այդ կանոնը՝ առանց Սահմանադրական դատարանի արգելքը հաշվի առնելու անկախության հանրաքվե անցկացնելով և միակողմանի անկախություն հռչակելով։

«Որոշ ղեկավարներ կարծում էին, որ իրենց մոտ սահմաադրությունը չի գործում․ հորինեցին նոր օրենսդրություն և ընդդիմությանը թույլ չտվեցին արտահայտվել», - շարունակել է Ռախոյը՝ հավելելով, որ հնարավոր չէ երկխոսություն վարել մի մարդու հետ, որը «հանրաքվեին հարցը դնում է հետևյալ կերպ՝ «այո, կամ՝ այո»»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանի՝ անկախության հռչակումից հետո Իսպանիայի Սենատը հավանության է արժանացրել սահմանադրության 155-րդ հոդվածը կիրառելու մասին կառավարության դիմումը։ Այս հոդվածը թույլ է տալիս սահմանափակել Կատալոնիայի ինքնավարությունը։

Ավելի ուշ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է Կատալոնիայի խորհրդարանի լուծարման, ինչպես նաև ինքնավարության ղեկավար Կարլոս Պուչդեմոնին և ոստիկանության պետին աշխատանքից ազատելու մասին։ Ռախոյը Կատալոնիայի խորհրդարանի նոր ընտրություններ է նշանակել դեկտեմբերի 21-ին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.