Պաղեստինցիները շարունակում են Գազայի հատվածից հրթիռակոծել Իսրայելի տարածքը

Դեկտեմբերի 17-ին Գազայի հատվածից արձակված երկու հրթիռ ընկել է Իսրայելի հարավային Հոֆ Աշկելոն շրջան։ Այս մասին տեղեկացնում է Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Ոստիկանության սակրավորներն աշխատում են Հոֆ Աշկելոն շրջանում ընկած երկու հրթիռների տարածքում։ Տվյալ պահին զոհերի մասին տեղեկություններ չկան», - ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Ինչպես հայտնում է Haaretz լրատվականը, հրթիռներից մեկն ընկել է բնակելի թաղամասի վրա, իսկ մյուսը՝ ոչ բնակելի տարածքում։

Ավելի վաղ իսրայելական բանակի ներկայացուցիչները հաղորդում էին, որ պաղեստինցի ծայրահեղականները Գազայի հատվածից սկսել են հրթիռակոծել հրեական պետության տարածքը։

Վերջին օրերին Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ երկու տասնյակ հրթիռ։ Դրանցից մեկն ընկել է Սդերոտ քաղաքի մանկապարտեզի վրա, ևս մեկը պայթել է նույն քաղաքի փողոցներից մեկում կայանված մեքենայի մոտ։ Մնացած դեպքերում իսրայելական ռազմաօդային ուժերին հաջողվել է չեզոքացնել հարվածները։

Երեք ամսվա դադարից հետո վերջին օրերին ակտիվացած հրթիռային հարձակումների պատճառը դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից այստեղ տեղափոխելու մասին որոշումն է։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.