Կատալոնիայում անկախությանը կողմ ուժերը ստացել են պատգամավորական մանդատների մեծամասնությունը

Կատալոնիայի անկախությանը կողմ հանդես եկող քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրություններում ստանում են ձայների բացարձակ մեծամասնությունը քվեաթերթիկների 95%-ի հաշվարկից հետո։ Այս մասին տեղեկացնում են ինքնավարության իշխանական աղբյուրները։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Իսպանիայից անկախանալուն կողմ հանդես եկող երեք կուսակցություններին պատգամավորական 135 մանդատից բաժին է հասել 70-ը։ Մասնավորապես՝ Կատալոնիայի նախկին վարչապետ Կարլոս Պուչդեմոնի ղեկավարած «Միասին հանուն Կատալոնիայի» կոալիցիան ստացել է 34 մանդատ, «Կատալոնիայի ձախ հանրապետականներ» կուսակցությունը՝ 32, իսկ «Ազգային միասնության թեկնածուներ» կուսակցությունը՝ 4 մանդատ։

«Քաղաքացիներ» կուսակցությունը, որը կողմ է երկրի միասնությանը, ստացել է 36 պատգամավորական մանդատ, սոցիալիստներն ստացել են 17, իսկ Կատալոնիայի ազգային կուսակցությունն ստացել է 4 մանդատ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Կատալոնիայում անցկացվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցել են ռեկորդային թվով քաղաքացիներ՝ ընտրելու իրավունք ունեցողների 81%-ը։

Ընտրությունների գլխավոր անակնկալը Կատալոնիայի նախկին ղեկավար Կարլոս Պուչդեմոնի գլխավորած կոալիցիայի գրանցած բարձր արդյունքն էր։

Պուչդեմոնը ներկա պահին Բելգիայում է։ Դատախազությունը նրան և նրա համախոհներին մեղադրում է ապստամբություն կազմակերպելու մեջ։ Իսպանիա վերադառնալու պարագայում նա կարող է ձերբակալվել, քանի որ դատարանը միջազգային հետախուզում է հայտարարել նրա նկատմամբ։ Պուչդեմոնը նախկինում հայտարարել էր, որ արտահերթ ընտրություններին հնարավոր հաղթանակի դեպքում կարող է վերադառնալ Կատալոնիա։  

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.