Դամասկոսը Թուրքիայից և ԱՄՆ-ից պահանջում է անհապաղ դուրս բերել զորքերը Սիրիայի տարածքից

Դամասկոսը ԱՄՆ-ից և Թուրքիայից պահանջում է անհապաղ դուրս բերել զորքերը Սիրիայի տարածքից։ Այս մասին Աստանայում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Սիրիայի կառավարության ներկայացուցիչը՝ ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին։

«Պահանջում ենք, որ այդ զորքերն անհապաղ լքեն մեր երկրի տարածքն առանց որևէ նախապայմանի», - Սիրիայի կառավարության ներկայացուցչի խոսքերը մեջբերել է ռուսական ՏԱՍՍ-ը։

«Թուրքական զինված ուժերի ներկայությունը մենք դիտարկում ենք որպես ագրեսիա, իսկ Սիրիայում ռազմական ներկայության ամրապնդման մասին Միացյալ Նահանգների հայտարարությունը ոտնձգություն է Սիրիայի ինքնիշխանության նկատմամբ և հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը», - ասել է Ջաաֆարին։

Բացի այդ, նա խոստացել է նաև, որ Դամասկոսը կանի հնարավոր ամեն բան, որպեսզի հունվարի 29-ին և 30-ին Սոչիում անցկացվելիք Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսը հաջողություն ունենա։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.